Մատչելիության հղումներ

«Քիմիկների զորամասի» գործով անցնող ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը մեղքը չընդունեց


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը դատարանում մեղքը չընդունեց։ 56-ամյա գեներալ-լեյտենանտը, որը 44-օրյա պատերազմից հետո ազատվեց ծառայությունից, դատարանում շատ կարճ խոսեց՝ արձագանքելով դատախազի մեղադրական եզրակացությանը։

«Սկզբից մինչև վերջ չի համապատասխանում իրականությանը», - ասաց Մակարյանը։

Պաշտոնաթող գեներալն ու ևս 2 զինվորականներ մեղադրվում են իշխանության անգործության համար, ինչի հետևանքով պատերազմի ժամանակ «քիմիկների զորամասի» զինվորները հայտնվել են ադրբեջանցիների հսկողության տակ անցած տարածքում։

Ըստ մեղադրանքի՝ 62 պայմանագրայինները Զանգելան մեկնելու առաջադրանք են ստացել հենց գեներալ-լեյտենանտ Մակարյանից։ Հասել են քաղաքի դպրոցի մոտ, երբ ժամեր առաջ արդեն Զանգելանի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։

Իրավապահները պնդում են, որ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի անփութության հետևանքով են զինվորները հասել ադրբեջանցիների գրաված տարածք, իսկ Մակարյանը, որ Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, ինքը վերադարձել է Կապան։

Դատախազ Արշակ Մարտիրոսյանը հերթով ներկայացրեց մեղադրանքը՝ ոչ մեկը, սակայն, մեղադրանքը չընդունեց։

«2020 թվականի հոկտեմբերի 20-ի կեսօրին, հեռախոսազրույց է ունեցել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գոներեալ-լեյտենանանտ Օնիկ Գասպարյանի հետ, որի ժամանակ էլ նա տվել է գործողության պլանավորումը և ստացել բանավոր հանձնարարություն հիշյալ մարտական գործողությունը սկսելու վերաբերյալ», - ասաց Մարտիրոսյանը։

Անհետ կորած պայմանագրայինների հարազատներն անցած երկու տարում սեփական հետաքննությունն են արել՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով հենց ամբաստանյլաներին։

«Կիրի հանքի մոտ էլ իրենց զգուշացրել են, որ այնտեղ արդեն գրաված տարածք է, ո՞ւր եք գնում, պիտի կիրհանք կանգնեին, իսկ ինքը հրաման է տվել, առաջ է տարել։ Իրենք միտումնավոր պայմանավորված են եղել, որ պիտի ցույց տան, գրաված տարածքը պիտի ցույց տան, որ էնտեղ կռիվ ա եղել, զոհ են տվել, մեր էրեխեքին տարան տվեցին թուրքին», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

62 զինվորականների շրջափակումից հրամանատար Աբգարյանի հետ դուրս են եկել միայն 22-ը, իսկ մնացախ 40 զինծառայողների մի մասը սպանվել է, իսկ 23 հոգի մինչև այժ անհետ կորած է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG