Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին 


Մեղադրանք է առաջադրվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին, այսօր «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։

Միաժամանակ Զինված ուժերի Պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Քննչական կոմիտեից այլ տեղեկություն չհայտնեցին։

Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գեներալ-լեյտենանտը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Առաջադրված մեղադրանքը պարոն Մակարյանը գնահատում է որպես բացարձակ անհեթեթ և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող»:

Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի համաձայն` Անդրանիկ Մակարյանը, ով 1991թ. ավարտել է ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանը, իսկ 2007թ.-ին Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, նախորդ շուրջ մեկուկես տասնամյակում շարունակաբար զբաղեցրել է բարձրաստիճան զինվորական պաշտոններ. 2007թ.-ից Հայաստանի Զինված ուժերի 5-րդ զորամիավորման, այնուհետև հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատարից 2018թ. հունվարին հասնելով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին։

Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն` Մակարյանին առնչվող քրեական գործը կապ ունի 60 զինծառայողների անհետ կորչելու հետ. «Դեռ ճիշտն ասած` չեմ կարող այդ մասով տեղեկությունը մեկնաբանել, բայց ինքնին մարտական գործողությունները ենթադրում են նաև կորուստներ, իսկ միայն կորուստներով գնահատել անձի գործողությունների, ընդհանրապես հրամանատարի գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը, ես կարծում եմ, որ առնվազն պրոֆեսիոնալ չէ»:

Մակինյանը շարունակեց, որ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է տվյալ տեղամասում մարտական գործողությունները ոչ ճիշտ պլանավորելու համար, այն պարագայում, երբ գեներալ-լեյտենանտը «երեք պատերազմով անցած մարտական սպա է»։

«Իսկ պարոն Մակարյանի բերած փաստարկները տվյալ դեպքում, ես առանց փակագծերը բացելու ասեմ, քանի որ գործ ունենք որոշակի առումով գաղտնի տեղեկատվության հետ, ինքս ծանոթ եմ պարոն Մակարյանի բերած փաստարկներին և ամբողջ ծավալով ընդունում եմ, որ տվյալ իրադրության պայմաններում պարոն գեներալը կայացրել է միակ ճիշտ որոշումը` հաշվի առնելով իր հստակ հիմնավորումները, ես այդ հիմնավորումներին ծանոթ եմ», - ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մակարյանը այն սակավաթիվ բարձրաստիճան զինվորականներից էր, որ հրաժարվել էր միանալ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ մի շարք զինվորականների այս փետրվարի 25-ին հրապարակած հայտնի հայտարարությանը, որը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և որը Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ որակեց։

Թե նման մեղադրանքի պայմաններում գեներալ-լեյտենանտ Մակարյանը ինչպե՞ս է շարունակելու պաշտոնավարել, կամ որքա՞ն արդյունավետ կլինի նրա պաշտոնավարումը, «Ազատությունը» օրվա ընթացքում փորձեց հստակեցնել Զինված ուժերի Գլխավոր շտաբից, սակայն Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ողջ օրվա ընթացքում անպատախսան թողեց մեր հեռախոսազանգերը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այս հանգամանքին. «Ընդհանրապես եթե մեղադրանք է առաջադրվում, նախ և առաջ պետք է լուծվեր այդ պաշտոնավարման հարցը, այնուհետև նոր մեղադրանքն առաջադրվեր: Իսկ ինչ վերաբերում է արդյունավետությանը, ընդհանրապես պետք է ասեմ, որ մեր Զինված ուժերում արդյունավետությունը պետք է բարձրանա»:

XS
SM
MD
LG