Մատչելիության հղումներ

«Կուլիսային զրույց՝ զրո արդյունքով»․ քաղաքական վերլուծաբանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդած հայտարարությունների մասին


Ոչ պաշտոնական հանդիպում, ընդամենը զրույց ճաշի սեղանի շուրջ․ Կառավարությունից այլ մանրամասներ չեն հաղորդում Սանկտ Պետերբուրդում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից, որի ընթացքում, ըստ Վլադիմիր Պուտինի, քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Հայաստանի Կառավարությունից կրկնեցին Ռուսաստանի նախագահի խոսնակի մեկնաբանությունը, որ «խոսքը լիարժեք ձևաչափով եռակողմ հանդիպման մասին չէ», այլ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների։

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ եռակողմ հանդիպում նախատեսված չէր։ Իսկ թե կոնկրետ ինչ են կողմերը քննարկել կամ պայմանավորվել ճաշի սեղանի շուրջ, Պուտինը երեկ չհստակեցրեց՝ ակնարկելով միայն, որ նախօրեին հաջողվել է երեքով խոսել և «գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»։

Փաշինյանը կարճ տեսանյութում արձագանքել էր միայն, որ ամենաօպերատիվ հարցը արդեն մոտ 20 օր փակ գտնվող Լաչինի միջանցքի ճգնաժամն է՝ ընդգծելով, որ այն ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։

Հայակական կողմն այլ փակագծեր չի բացում։ Կառավարությունից միայն փոխանցում են, ընթրիքին ներկա էին նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները և ընդամանը ոչ պաշտոնական եռակողմ քննարկում ունենալու հնարավորություն է եղել։

«Էս պահի դրությամբ մենք ունենք ոչինչ»

Կուլիսային զրույց՝ զրո արդյունքով, քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանի գնահատականն է ընթրիքից հետո հնչած ժլատ հայտարարություններին։

«Շատ քիչ հավանական է, որպեսզի նման հանդիպումը հնարավորություն ստեղծի ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելուն, մի քանի պատճառներով, առաջինը՝ իրավիճակը ստեղծվել է և առաջացել է ոչ այնքան և ոչ միայն Ադրբեջանի ջանքերի շնորհիվ, այլ նաև Ռուսաստանի, ուստի ապավինել Ռուսաստանի միջնորդությանն իրավիճակը հաղթահարելու առանց փոփոխությունների, ինքնախաբեություն կլինի։ Փոփոխություններ կարող են լինել երկու տարբերակում․ կա՛մ սցենարից դուրս գտնվող ուժային կենտրոնների, տվյալ դեպքում, Արևմուտքի որոշակի ճնշումները, կա՛մ հայկական կողմի զիջումները։ Այլապես նույն միջնորդին դիմել, որը որ ստեղծել է իրավիճակն՝ էդ իրավիճակը հանգուցալուծելու խնդրանքով, նորից եմ ասում, ինքնախաբեություն է։ Էս պահի դրությամբ մենք ունենք ոչինչ, այո», - ասաց Քոչինյանը։

Ալիևն ու Փաշինանը Սանկտ Պետերբուրգում էին ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդհանուր հավաքից հետո՝ հենց նույն օրն էր վերադարձել Բաքու։ Փաշինյանը հաջորդ օրը հանդիպել էր Պուտինի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG