Մատչելիության հղումներ

Վերին Լարսի անցակետի խցանումները փոքր-ինչ թեթևացել են


Շուրջ տասն օր է փոքր-ինչ թեթևացել են Լարսի անցակետի խցանումները, իսկ բեռնափոխադրող ընկերություններն արդեն սկսել են իրենց վնասները հաշվել։

Դեռ դժվարանում են հստակ թվեր ասել, բայց ընդգծում են, որ դրանք բավականին կլորիկ գումարներ են։ Ասում են՝ նոր չէ, որ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհով բեռ տեղափոխելը գլխացավանք է իրենց համար, բայց վերջին տարիների համեմատ այս տարի մեքենաներն ավելի երկար են մնացել խցանումներում՝ մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս։

10 բեռնատար ունեցող «Սպիննակեր գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գրիգորյանը «Ազատությանը» պատմեց, որ այս ընթացքում յուրաքանչյուր մեքենայի հաշվարկով օրական 150-200 դոլար են կորցրել։ Կոպիտ հաշվարկով, սա մոտավորապես 60 հազար դոլար է կազմում՝ վարորդի աշխատավարձ, դիզելային վառելիքի գումար, չաշխատած եկամուտ և այլն. - «2021-ից սկսած, նույնիսկ 20-ից կարող եմ ասել, երբ որ քովիդը էղավ, էդ վնաս ասվածը միշտ պարբերական բնույթ ունի, որովհետև Լարսի հետ ինչքան աշխատում ենք, ինքը նորմալ երբեք գրեթե չի աշխատել, որ մենք ինչ-որ մի բանի հետ համեմատենք։ Բայց եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, էս տարին ավելի վատ էր։ Որովհետև էս տարվա ընթացքում ավելի շատ ենք կանգնել, քան նախորդ տարի։ Կարելի է ասել, որ մոտ երեսուն տոկոսով ավելի քիչ ա եղել մեր շարժը Լարսով, քան նախորդ տարի։ Նախորդ տարվա ընթացքում չեմ հիշում, որ մենք տենց երկար ժամանակով՝ քսան օր, տասնհինգ օր, տասնութ օր կանգնեինք, բայց էս տարվա մեջ ոնց որ շատ էղավ»։

Բեռնափոխադրող փոքր ընկերություններից մեկն այս մեկ ամսվա խցանումների պատճառով բեռի կեսը թափել է։ Ընկերության սեփականատերը, որն այս պահին էլ իր բեռնատարներին է ուղեկցում, այլևս չի ցանկանում անուն-ազգանունով ներկայանալ։ Նեղսրտած է՝ կկարողանա՞ վերականգնել 5 միլիոն դրամի հասնող իր վնասը. - «Հինգ միլիոն հաստատ։ Մեքենաների ծախսը, վարորդների ծախսը... Իմ սեփական բյուջեից եմ ներդրում կատարել, ուրիշ մեքենա եմ ճարել, պերեկիդկա ենք արել ապրանքը մեջը, որ մի կերպ հասցնենք տեղ։ Թափել ենք դաժե ապրանքի կեսը. վարունգ, պամիդոր, կանաչի... հարյուր կիլո, երկու հարյուր կիլո թափել ենք, որ մնացած ապրանքը չփչանա։ Դրան պատասխան տալ ա պետք. թափում ես, պետք ա մարդկանց զրուզը տեղ հասցնես, իրանց հետաքրքիր չի»։

«Հազիվ են ճանապարհները բացվել, չենք կարող կանգնել, էլ ազատ ժամանակ չունենք, որ շուրջներս նկարենք, ցույց տանք», - այսպես բացատրեցին տեսախցիկով տեղից զրուցելու մեր առաջարկը մերժած վարորդները։ Շտապում են տուն հասնել՝ մրսած, հոգնած ու պարտքեր կուտակած։

Վարորդները հիմա էլ Հայաստան վերադառնալիս են Բագրատաշենի անցակետում խցանման մեջ մնում։ Նրանցից մի քանիսն «Ազատությանն» ասացին՝ իրենց պատասխանել են, թե աշխատողները քիչ են, չեն հասցնում։ «Սպիննակեր գրուպ» ընկերության համահիմնադիրն ասաց՝ իրենց մեքենաները ևս բախվել այս խնդրին. - «Հայկական կողմը մեծ քանակի դեպքում չի հասցնում։ Չգիտեմ ճիշտն ասած, դա կապված ա մաքսավորների ֆիզիակական քչության հե՞տ, թե՞ սիստեմային խնդիր ա։ Ամեն դեպքում, շատ դժվար էր։ Մի երեք-չորս օր առաջ երկու օր, երեք օր եղել ա, որ մեքենան կանգնել ա»։

ՊԵԿ-ից չեն հերքում, որ այս խնդիրը կա։ Ասում են՝ գործընթացը հնարավորինս արագացնելու համար Բագրատաշեն մաքսային կետի աշխատանքներում նաև այլ հերթափոխերից են մաքսային ծառայողներ ներգրավվում։ Գերատեսչությունից ընդգծում են՝ հավանաբար տոների պատճառով է ծանրաբեռնվածություն առաջացել, մեծ քանակությամբ ապրանք է ներմուծվում Հայաստան։

Իսկ Հայաստանից Ռուսաստան բեռ փոխադրող մեքենաները Վերին Լարսի անցակետին մոտենալու համար անծայրածիր խցանումների մեջ էին հայտնվել դեռ հոկտեմբերին՝ Ղրիմի կամուրջի պայթյունին հետևած խիստ ստուգումներից հետո, պայթած բեռնատարը նաև Լարսի անցակետով էր անցել։

Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին՝ մեքենաներն արդեն 5-6 օրում են անցնում այդ ճանապարհը, որովհետև ռուսական կողմն ավելացրել է անցուղիները։ Դեկտեմբերի 1-ից գործում են նաև ռենտգեն զննության սարքերը։ Եթե նախկինում օրական ընդամենը 170 մեքենա էր ստուգվում ու բաց թողնվում, հիմա այդ թիվը 450-ի է հասել։

Թբիլիսին շրջանցող հատվածում կուտակումներ այս պահին չկան, իսկ դեպի Վերին Լարս գնացող կիրճում շուրջ 1000 մեքենա դեռ խցանման մեջ է։ Հենց այնտեղից վարորդներն «Ազատությանն» ասում են՝ սա խնդրի լուծում չէ, մի օր արագ, մի օր դանդաղ...հիմնավոր լուծում է պետք։

XS
SM
MD
LG