Մատչելիության հղումներ

Բիովառելիք՝ փայտի փոխարեն. Ախուրյանում բացված արտադրամասը վառելափայտին այլընտրանք է առաջարկում


Բիովառելիք՝ փայտի փոխարեն, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում բացված արտադրամասը վառելափայտին այլընտրանք է առաջարկում։ 3 տարի առաջ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ բացված կենսավառելիքի արտադրամասը փորձաշրջանից հետո ստիպված էր մեկ տարի չաշխատել, քանի որ բիովառելիքի հումքի՝ ծղոտի գինը բարձրացել էր։ Այս տարի դրա գինը նվազել է, ինչի շնորհիվ էլ արտադրամասը վերսկսել է աշխատանքը, ասում է հիմնադիրներից Սամվել Սաֆարյանը։

«Առաջնային ու միակ հումքը ծղոտն է, որքան ծղոտն էժան է ստացվում, այնքան մեր արտադրանքը կարողանում ենք վաճառել էժան, թանկի դեպքում, բնականաբար, պետք է ինքնարժեք պաշտպանենք ու գումարած եկամուտ», - ասաց Սաֆարյանը:

Արտադրամասը հենց իրենց արտադրության բիովառելիքով էլ ջեռուցվում է։ Բիովառելիքը շուկայում դեռ մեծ պահանջարկ չունի։

«Մեծ քանակությամբ չեն գնում մարդիկ, սկզբնական գալիս են փորձի համար վերցնում են պարկերով, փորձելուց հետո վերադառնում և գնում են ինչքան, որ պահանջվում է վառելիքը», - նշեց Սամվել Սաֆարյանը:

Նա վստահ է՝ վառելափայտի պակասուրդի ֆոնին բիովառելիքի պահանջարկն ավելանալու է, քանի որ ակնհայտ է նաև փայտի համեմատ դրա առավելությունը. - «Փայտից բարձր է ջերմատվությունը»:

Բիովառելիքն, ըստ արտադրողի, նաև վարելահողերի որակի բարձրացմանը կարող է նպաստել, քանի որ գյուղացին դաշտում խոտը այրելու ու հողը վնասելու փոխարեն կարող է այն բիովառելիքի վերածել։

«Նպաստում է հողերի մաքուր լինելուն, ծղոտը դաշտում չայրեն մարդիկ՝ իմանալով, որ ծղոտն արժեք ունի, բացի դրանից ծղոտի փոխարեն իրենք կարող են տանել ու իրենց տներում այրել էժան վառելիք: Գյուղացուց ընդունում ենք ծղոտը, փոխարենը իրենց ցանկությունով տալիս ենք վառելիք», - ներկայացրեց Սաֆարյանը:

Ախուրյանցի գործարարը պատրաստվում է առաջիկայում ընդլայնել բիովառելիքի արտադրությունը։ Նաև հատուկ սերմացու են ներկրելու դրա հումքը արտադրելու համար. - «Այժմ մենք մտածում ենք այլընտրանքային հումքի մասին, քանի որ լինում են տարիներ, որ երաշտ է լինում, ծղոտը սուղ է լինում, դրա համար մտածում ենք ունենանք այլընտրանքային հումք: Այսինքն՝ մի կողմից էլ մենք օգտակար կլինենք գյուղատնտեսությանը, ցանկանում ենք ներկրել բարձր ջերմատվության հումքի սերմացուի տեսակ, որպեսզի մշակվի մեր մարզում»:

Բիովառելիքի արտադրողների հիմնական թիրախային խումբը չգազաֆիկացված համայնքներն են, այնտեղ, սակայն նախապատվությունը տալիս են անվճար վառելիքին՝ աթարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG