Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը այսօր մասնակցելու է Մեծ յոթնյակի առցանց գագաթնաժողովին


Գագաթնաժողովին ընդառաջ Վլադիմիր Զելենսկին խոսել է Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի առաջնորդների հետ։

Բայդենի հետ զրույցում, ըստ Սպիտակ տան, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին ֆինանսական ու ռազմական աննախադեպ աջակցության համար. - «Ուրախ էի զրույցի ընթացքում զգալ, որ խաղաղության մեր բանաձևը դրական է ընկալվել։ Եվ սա լավատեսություն է ներշնչում։ Որքան շուտ իրականացվեն բանաձևի կետերը, այնքան ուժեղ կլինեն Ուկրաինայի և բոլորի անվտանգության երաշխիքները Եվրոպայում»։

Զելենսկին նաև հայտնել է, թե այսօրվա գագաթնաժողովին կլինեն նորություններ՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։ Ըստ Սպիտակ տան, հեռախոսազրույցի ժամանակ Ջո Բայդենը ընդգծել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը առաջնահերթություն է ԱՄՆ պաշտպանական օգնության համար։

Պաշտոնական Մոսկվան իր հերթին հայտարարել է, թե ուկրաինական հակամարտության հարցում առայժմ Միացյալ Նահանգներից կառուցողական դիրքորոշում չի տեսնում։

Կողմերի միջև բանակցությունները ընդհատվել են ավելի քան կես տարի առաջ։ Կիևը պնդւոմ է, թե դրանք կվերսկսվեն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքն ամբողջությամբ դուրս բերելուց հետո միայն։ Մինչ այդ ռուսական բանակը շարունակում է հարձակումները՝ թիրախավորելով հատկապես Ուկրաինայի ենթակառուցվածքները։ Միլիոնավոր մարդիկ ցրտաշունչ ձմռանը մնացել են առանց էլեկտրաէներգիայի ու ջեռուցոման։ Անցած շաբաթավերջին ռուսական ռմբակոծություններից հետո առանց լույսի, ջեռուցման և ջրի են մնացել Օդեսայի մարզի երեք հարյուր ավելի բնակիչներ։

Ռուսները նաև շարունակում են հարձակման փորձերը Դոնեցկի մարզում, կատաղի մարտեր են ընթանում արդեն մի քանի շաբաթ Բախմուտի մոտ , քաղաքը մշտական կրակի տակ է, սակայն դեռ մնում է ուկրաինական վերահսկողության տակ։

Ուկրաինացի բժիշկը պատմում է, որ ծանր օրեր են, մեծ թվով վիրահատություններ. - «Օրեր կան, երբ շատ ծանր վիրավորներ են լինում՝ միանգամից չորս-հինգ անդամահատում։ Մյուս օրերին երկու, երեք կամ չորս ժամով մարդ չկա, ոչ մի օր նման չէ մյուսին: Իհարկե, լինում են դժվար օրեր, հատկապես երբ մերոնք են հարձակվում: Հետո աշխատանքը կարող է շարունակվել հինգ, վեց, յոթ ժամ անընդմեջ»:

Ռուսները ոչ միայն կանգ չեն առնում, այլև ավելացնում են ռազմական բյուջեն։ Հաջորդ տարվա դաշնային բյուջեի 30 տոկոսը (շուրջ 143 միլիարդ դոլար) կծախսվի բանակի, հետախուզական գործակալությունների և ոստիկանության կարիքների վրա։

Եվրամիության արտգործնախարարներն իրենց հերթին այսօր համաձայնել են հավելյալ 2 միլիարդ եվրո տրամադրել այն հիմնադրամին, որն օգտագործվում է Ուկրաինային աջակցելու համար։

Ալեքսեյ Ռեզնիկով
Ալեքսեյ Ռեզնիկով

Վճռական են տրամադրված նաև ուկրաինացիները։ Պաշտպանության նախարարը, մասնավորապես, ասել է, թե ուկրաինական բանակը առաջ կգնա, երբ փոխվեն եղանակային պայմանները. - «Կարծում եմ, որ հարձակողական ակտիվության նվազումը պայմանավորված է եղանակային պայմաններով: Բայց ուկրաինական զինված ուժերը չեն մտածում կանգ առնել: Հետևաբար, կօգտագործվի այն պահը, երբ հողը չորանա: Ես համոզված եմ, որ այդ ժամանակ մենք կշարունակենք մեր հակագրոհները, մեր տարածքներն ազատագրելու արշավը»։

Ալեքսեյ Ռեզնիկովը նաև ասել է, որ Ռուսաստանը պատերազմում է խաղաղ բնակչության դեմ, սակայն նման գործողություններով չի հաջողվի Ուկրաինային համոզել բանակցել Մոսկվայի պայմաններով։

Ի դեպ, Կրեմլի խոսնակն այսօր հայատարաել է, թե Պուտինը վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ չեղարկել է իր տարեվերջյան ասուլիսը։ Վերլուծաբանները գրում են, թե Պուտինը պարզապես խուսափում է պատասխանել պատերազմում ձախողումների մասին հարցերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG