Մատչելիության հղումներ

«Լաչինի միջանցքը ցեղասպանությունը կանխարգելելու միջանցք է». Նիկոլ Փաշինյան


«Լաչինի միջանցքը ցեղասպանությունը կանխարգելելու միջանցք է», - «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր գենոցիդի հավանականության մասին՝ հայտարարելով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է նախապատրաստում։

«Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ: Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը որպես սպառնալիք: Եվ ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք», - հայտարարեց վարչապետը:

Միջազգային հանրության՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների առջև ելույթ ունենալիս Հայաստանի վարչապետը շեշտեց՝ թվում էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստեղծել է ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու մեխանիզմներ, սակայն, Ադրբեջանի հետագա գործողությունները քայլ առ քայլ ավելի առարկայական են դարձնում այդ մտահոգությունները։

«Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց պիտի ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետն ամբիոնից չխոսեց այն մասին, որ ադրբեջանցիները այսօր արդեն երկրորդ անգամ՝ անցած 10 օրում փակել և վրաններ են տեղադրել Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղու վրա։ Սակայն գործադիր մարմնի ղեկավարը բաց տեքստով ասաց՝ փակել այդ միջանցքը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր սցենարներով՝ հայաթափում, ինքնության կորուստ, բուն ֆիզիկական ոչնչացում։

Փաշինյանը թվարկեց ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների դեմ հարձակումները, այլ նաև այսօր դաշտերում հող մշակող մարդկանց թիրախավորումը։

Արցախի Հացի գյուղը բոլորովին վերջերս էր իր վրա զգացել այդ սպառնալիքը։ Շաբաթներ առաջ ադրբեջանցիները կրակ էին բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։ 43-ամյա տղամարդը չէր տուժել, վնասվել էր տրակտորը։

Հացիի գյուղապետ Սանթուր Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չեն կարող պարզապես նստել ու մտածել ցեղասպանության մասին, առավել ևս որ Արցախը չեն թողնելու, ապրելու են այնտեղ մինչև վերջ:

«Մտահոգություններ հաստատ առաջանում են, բայց այս պահին մենք զբաղված ենք մեր առօրյա կյանքով, մենք զբաղված ենք մեր անվտանգային խնդիրներով: Համենայն դեպս վտանգը կա: Մարդիկ շարունակում են ապրել այստեղ և պատրաստ են ամեն տեսակ պայքարի, միայն թե Հայաստանի իշխանությունների աջակցության կարիքն ունենք», -ասաց Սարգսյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որն այսօր ևս «Ցեղասպանության կանխարգելման ֆորումին» էր մասնակցում, վստահ է, որ Ադրբեջանի նպատակը ցեղասպանությունն է և էթնիկ զտումը։ Օմբուդսմենը, սակայն, չի տեսնում միջազգային հանրության շոշափելի անհանգստությունը. ցեղասպանության կանխարգելման մասին դահլիճում խոսող մարդկանց մի մասը, նրա խոսքով, Արցախում չի եղել՝ գոնե տեղում իրավիճակը գնահատելու համար։

«Բոլորն են խոսում, բայց գործողություններ Արցախի ժողովուրդն արդեն երկու և ավելի տարիներ, ինչ հայտնվել է ցեղասպանության ուղիղ վտանգի և սպառնալիքի ներքո, չի տեսնում: Առնվազն հենց այս պահին պետք է Արցախում տեղակայված լիներ ՄԱԿ-ի համապատասխան կառույցի ներկայացուցչությունը: Դա, իհարկե, կանխարգելիչ նշանակություն ունի: Եթե դա էլ չկա, այսինքն, Ադրբեջանը մնում է անպատժելի և ցանկացած գործողության կարող է դիմել», - ընդգծեց Ստեփանյանը:

Ի՞նչ պետք է անել ցեղասպանությունների կանխարգելման համար, այսօրվա Ֆորումի մասնակիցները տարբեր տեսություններ էին առաջարկում որպես լուծում։ Իր ելույթում վարչապետ Փաշինյանը տարբերակ առաջարկեց՝ փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը, որակը՝ շեշտելով՝ սկսել ամենապարզ բաներից՝ տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումից, կառավարումից և բացառումից հատկապես պաշտոնական մակարդակում։

«Պետք է ընդունենք իրողությունը և ասենք, որ մենք այդ իրողության հետ հաշտ չենք և չենք ուզում, որ ազգությունների, ազգի անունը, որևէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք: Եվ սա, կարծում եմ, հենց ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործիք է: Ենթադրում եմ, որ նման իրողություններ կան նաև Թուրքիայում», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ այդ թվում իրեն թուրք անվանողները թող իմանան՝ դրանով իրեն չեն վիրավորում, որովհետև ինքը դա վիրավորանք չի ընկալում։

Իր ելույթն ամփոփելով Փաշինյանը նշեց՝ ցեղասպանության կանխարգելումը նաև երկխոսություն է, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Թե փոխադարձ մեղադրանքների, հրադադարի պարբերական խախտումների, հաշտեցման անորոշ հեռանկարի պայմաններում ինչպե՞ս պետք է այն սկսվի, Հայաստանի վարչապետը չհստակեցրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG