Մատչելիության հղումներ

Համատեղ կինոարտադրությունը հնարավորություն տվեց Հայաստանում հիմնել պրոդյուսերական ինստիտուտը. Ազգային կինոկենտրոնի տնօրեն


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյան
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյան

Վերջին երեք-չորս տարիներին պետական ֆինանսավորմամբ նկարահանված մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների և հաջողություններ գրանցել, որոնց նաև լայնորեն անդրադարձել է միջազգային մամուլը։

«Ազատության» հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը շեշտում էր նաև, որ միջազգային փառատոների մասնակցած բոլոր ֆիլմերը համատեղ արտադրություն են։ Այս առումով հայտնի է հենց այս տարի տասնյակ միջազգային կինոփառատոների մասնակցած, նաև «Գրան Պրի» գլխավոր մրցանակ վաստակած Հայոց ցեղասպանության մասին պատմող ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը, որը միջազգային մամուլում առնվազն 30 անդրադարձ է ստացել և որը նույնպես Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրությամբ նկարահանված գեղարվեստավավերագրական ֆիլմ է։

«Սա շատ կարևոր մի մաս է կինոարտադրության համար, որովհետև համատեղ արտադրության ժամանակ նախ բյուջեն ես կարողանում համալրես, որովհետև լիամետրաժը թանկ հաճույք է, և դրա հետ զուգահեռ, համատեղ արտադրության ժամանակ ամեն մի երկիր իր հերթին փորձում է ֆիլմի իրականացումը ապահովել», - նշեց Շուշանիկ Միրզախանյանը։

Նա հիշեցրեց նաև, որ վերջին երեք տարիներին Ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած այն լիամետրաժ խաղարկային ֆիլմերը, որոնք կրկին համատեղ արտադրության ֆիլմեր են, ոչ միայն մասնակցել են միջազգային փառատոների, մրցանակների արժանացել, այլև լայնորեն լուսաբանվել են արտասահմանյան մամուլի կողմից։ Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որը հետխորհրդային շրջանում առաջին անգամ Կաննի կինոփառատոնում ընդգրկված և ցուցադրված հայկական ֆիմն է, այս տարի մի շարք փառատոների մասնակցած Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը, Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, Միքայել Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը և Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը, որը Կանադայում և Ճապոնիայում անցկացված միջազգային կինոփառատոներում հաղթող է ճանաչվել «Լավագույն դրամա» անվանակարգում։ Սրանք բոլորը լիամետրաժ խաղարկային ֆիլմեր են։

Հայոց ցեղապանությանը կամ ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձող այս ֆիլմերի մասնակցությունը և հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, նաև միջազգային մամուլի արձագանքն այս ֆիլմերին, Շուշանիկ Միրզախանյանի համոզմամբ, չափազանց կարևոր են և հայանպաստ՝ մեկ անգամ ևս միջազգային հանրությանը կինոյի լեզվով մեր հիմնախնդիրները ներկայացնելու առումով։ Այս բոլոր ձեռքբերումները, ըստ Միրզախանյանի, հնարավոր են դարձել միայն պետական ֆինանսավորման պայմանների փոփոխության շնորհիվ, որը իրենք նախաձեռնեցին մի քանի տարի առաջ։

«Արդյունքները գոհացուցիչ են։ Գոհ եմ, քանի որ ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակում՝ վերջին չորս տարիների ընթացքում, կարողացանք այդ համակարգային փոփոխությունը, որ արվեց պետական ֆինանսավորման հատկացումը ֆիլմերին, բերեց իր արդյունքները։ Այսինքն՝ այդ համակարգային փոփոխության կարևոր մասնիկը նա էր, որ մենք կարողանանք ֆիլմերին աջակցենք մասնակի, և ամբողջ մնացած բյուջեն հավաքվի տարբեր երկրների համարտադրողների օգնությամբ։ Եվ սա տվեց իր պտուղները։ Այսօրվա այս փառատոների մասնակցությունը գնահատական է այդ անցած մեր ճանապարհին։ Որովհետև եթե մենք չկարողանայինք աջակցել այնպիսի պրոեկտների, որոնք նման հաջողությունների են հասնում, նշանակում է, որ չստացվեց մեզ մոտ։ Բայց այսօր արդյունքները շատ բարձր են, և ես կարծում եմ, որ ճիշտ ձևաչափով... իհարկե, ունեցել ենք երևի սխալներ, առանց սխալների չէր կարող լինել, բայց հիմնականում կարծում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Եվ հիմնականում երիտասարդ ստեղծագործողներ են, սա է ուրախալի։ Ասեմ, որ համատեղ արտադրությունը հնարավորություն տվեց Հայաստանում հիմնել պրոդյուսերական ինստիտուտը։ Այսինքն՝ այսօր, էս վերջին երեք-չորս տարվա մեջ բավականին պրոդյուսերներ արդեն ի հայտ եկան։ Համատեղ արտադրության աշխատանք որ անում են, իրենք փորձ են ձեռք բերում։ Ես կարծում եմ, որ սա էլ է շատ կարևոր ձեռքբերում, որովհետև այսօր ունենք արդեն անուններ մեր պրոդյուսերների, որոնք կարողանում են ղեկավարել նման պրոեկտներ», - ասաց Շուշանիկ Միրզախանյանը։

Նա հիշեցնում է նաև, որ Հայաստանը 2016 թվականից եվրոպական կինոյի ֆինանսավորման ամենամեծ ֆոնդերից մեկի՝ Եվրիմաժի անդամ է ի թիվս շուրջ 40 երկրների, և գոնե մեկ ֆիլմ հատկապես վերջին տարիներին ֆինանսավորվել է Եվրիմաժի կողմից. - «Սա մեծ աշխատանք է։ Էդպես հեշտ չի ֆիլմը փաթեթավորել, ճիշտ ամեն ինչը կարողանալ ներկայացնել, փաստաթղթային այդ ամբողջ փաթեթը կարողանաս ճիշտ ներկայացնել նման կառույցի, որ պրոեկտդ ընդունվի, ընդհանրապես դիտարկման գնա։ Այդ աշխատանքի արդյունքում այս տարիներին, երբ ստեղծվեց այդ ինստիտուտը, ես շատ ուրախ եմ և հպարտ եմ, որ մենք կարողացանք դա անել։ Որովհետև պրոդյուսերը այսօր կինոարտադրության մեջ շատ-շատ մեծ դեր է խաղում։ Հիմնականում կայանք են և աղջիկներ. գործունյա են, ավելի ճկուն են... Կինը միշտ դժվար պայմաններում ավելի արագ է կողմնորոշվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG