Մատչելիության հղումներ

Ոչ Հայաստանի կառավարությունից, ոչ էլ ԱԳՆ-ից դեռևս չեն արձագանքել Լավրովի հայտարարությանը


Ավելի քան 24 ժամ անց ո՛չ Հայաստանի կառավարությունից, ո՛չ արտաքին գործերի նախարարությունից Ռուսաստանի արտգործնախարարի մեծ աղմուկ հանած հայտարարությանն արձագանք չկա։

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ պնդեց, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն համարեց մեղադրանքները, թե Մոսկվան է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր իսկ առաջարկից:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար, նախկին իշխանական Հանրապետականից Հայկ Մամիջանյանը Լավրովի հայտարարությունը սկանդալային է համարում։ Կարծում է՝ եթե կառավարության ու Արտգործնախարարությունից չեն հերքում, ուրեմն ընդունում են, որ ռուս դիվանագետը ճիշտ է:

«Փաստացի Լավրովը ասաց, որ հայկական կողմի մեղքով Արցախի կարգավիճակի քննարկումը բանակցային սեղանի վրա չի, անցել է մեկ օր, ԱԳՆ-ից հերքում չունեմ, վարչապետի գրասենյակից, կառավարությունից հերքում չունեմ, այսինքն, ճիշտ է», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Մամիջանյանն ասում է՝ հարցրել է ղարաբաղյան բանակցություններին մասնակցած թե՛ առաջին դեմքերին, թե՛ արտգործնախարարներին՝ Ադրբեջանը տասնյակ տարիների ընթացքում երբեք չի հիշատակել Ալմա Աթայի հռչակագիրը։

«Էս թեզը բերել է Նիկոլ Փաշինյանը, ընդ որում, էդ Ալմա Աթան ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, Ալմա Աթայի մեջ կա նաև ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց Նիկոլ Փաշինյանը մենակ տարածքային ամբողջականությունն է այդտեղից կարդում», - ընդգծեց Հայկ Մամիջանյանը:

Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իշխանության թեթև ձեռքով է, որ Ալմա Աթայի հռչակագիրը աղավաղված է մեկնաբանվում։ Եթե նորից հիշում էին փաստաթուղթը, պետք է նաև վերապահումը շեշտեին։

Ի դեպ, Լավրովն էլ էր երեկ շեշտել՝ եթե Հայաստանը հավանություն է տվել՝ ասելով, որ ճանաչում են Ալմա Աթայի 1991-ի հռչակագիրը առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին։ Այն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարի ձևակերպմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր:

«Հայաստանի իշխանությունը պետք է առնվազն բարի լինի հարգի իր իսկ օրենսդիր մարմինը: Գերագույն խորհուրդը այն վավերացրել է վերապահումով, որտեղ հստակ դրանից բխում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի արձանագրվում: Երկրորդ ամենակարևոր բացթողումը, որ այնտեղ իրապես շատ կարևոր արձանագրում է կատարվում, որով ամրագրվում է ինքնորոշման իրավունքի անքակտելիությունը: Այսինքն՝ սա նույնպես անտեսվում է: Դե բնական է, որ Լավրովն ինչ պիտի անի, Լավրոնը ի՞նչ, հայից ավելի հայ է լինելո՞ւ», - նշեց Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը կարծում է՝ արցախահայության անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգներ են առաջանում, երբ Հայաստանը բանակցություններին մասնակցում է որպես ունկնդիր. «Մասնակցում ենք այնքանով, որ թշնամուն, այսպես ասած, չգրգռենք մեր հայտարարություններով և իրենց ուզած ձևակերպումները ստանանք, մենք ստանալու ենք այս վիճակը և այս ձևով իսկապես լուրջ խնդիր է առաջանում արցախահայության անվտանգության հետ կապված»:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից», Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, մինչդեռ, պատասխանատվության սլաքներն ուղղում է Ռուսաստանին:

«Ենթադրվում է, որ Ադրբեջանը համաձայն չի, բայց արձանագրենք, որ Հայաստանն է համաձայն եղել այդ առաջարկին, արձանագրենք, որ՝ այո, նման առաջարկ եղել է, իսկ թե ինչքանով է այս գործընթացը հնարավոր դարձնում այդ առաջարկի իրողությունը, կարծում եմ, ոչ մի կերպ կապված չէ Ալմա Աթայի փաստաթղթի հետ, այլ միայն ու միայն կախված է նրանից, թե ինչքանով Ռուսաստանի գործընկերները կարող այդ առաջարկը իրողություն դարձնել», - ասաց Աղաջանյանը:

Որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում, Աղաջանյանն ասում է՝ դա Սերգեյ Լավրովի մեկնաբանությունն է։ Իշխանական պատգամավորը կարծում է Ղարաբաղի հարցին ապագայում անդրադառնալու դուռը փակ չէ:

«Որևէ հնարավորություն չի կորցվել առավել ևս Ալմա Աթայի հռչակագրին Հայաստանի կողմից հղում տալով: Դրա արդյունքում որևէ կերպ չի նշանակում, որ տևական ժամանակ անց հնարավորություն չի լինի այդ հարցին անդրադառնալ», - ընդգծեց նա:

Արցախի մասին երեկվանից ակտիվացած քննարկումներին զուգահեռ Ստեփանակերտը հայտարարություն տարածեց՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի կարգավիճակի հետ, շեշտել էին։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, Էդուարդ Աղաջանյանը ղեկավարների մակարդակով նոր հանդիպման մասին տեղեկություն չուներ։ Չնայած թե՛ Երևանը, թե՛ Բաքուն մինչև տարեվերջ փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամություն էին հայտնել: Իշխանությունը շարունակում է պնդել՝ քննարկումները խաղաղության պայմանագրի սկզբունքների շուրջ են, բայց ոչ բուն փաստաթղթի։ Բայց նույնիսկ այդ սկզբունքները չեն բացահայտվում։

XS
SM
MD
LG