Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լոձում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար առաջնահերթություններ են, ասել է Միրզոյանն՝ անդրադառնալով Հայաստնի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին։

Կարևորվել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի լարվածության նվազմանն ու կայունության հաստատմանը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը ներկայացրել էր ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին՝ շեշտելով, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են:

Հայաստանի արտգործնախարարը Լեհաստանում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել նաև Կանադայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սլովակիայի իր գործընկերների հետ։

XS
SM
MD
LG