Մատչելիության հղումներ

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Արցախի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը


Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ընդդիմության հեղինակած Արցախի վերաբերյալ հայտարարության նախագիծը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագիծ են մշակել ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի այս ամիս արված հայտարարության՝ նշելով, որ Միլի Մեջլիսն արդարացրել է 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները և հանդես եկել Հայաստանի ու Արցախի դեմ նոր սպառնալիքներով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ադրանիկ Թևանյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի հետ այդ հայտարարության մեջ խոսվել է ուլտիմատումների և շանտաժի լեզվով, Հայաստանին ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն։

«Այս ամենը մեզ համար անընդունելի է։ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը, որովհետև լռությունը կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում համաձայնության նշան», - ասաց Թևանյանը։

«Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, իր հերթին հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ շեշտելով․ - «Մենք, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Աղաջանյանն ասել էր՝ հայտարարության տեքստում որոշ փոփոխություններ են առաջարկելու, եթե ընդդմիությունը համաձայնի այդ փոփոխություններին, ապա խորհրդարանը միասնական հայտարարություն կընդունի։

Երեկ, սակայն, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իշխանության հետ բանակցությունները ձախողվել են, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել հայտարարության նախագծի շուրջ։

XS
SM
MD
LG