Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում կկայանա «Ձգողականություն» բալետի պրեմիերան


Դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենա համաշխարհային պրեմիերա։ Հանդիսատեսի դատին կհանձնվի ժամանակակից լավագույն կոմպոզիտորներից Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» բալետը՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսի։

«Ինչ-որ տեղ սա շատ հարազատ նյութ է ինձ համար, որովհետև ես չորս տարի աշխատել, ապրել եմ Երուսաղեում, եղել եմ Ժառանգավորաց վարժարականի տնօրեն ճեմարանի հայոց և հետո փախել եմ, ամուսնացել եմ, մի խոսքով՝ ընտրել եմ կյանք, վտարվել եմ այնտեղից: Ինչ-որ տեղ ինքնակենսագրական, բայց մի քիչ այլ ավարտով: Եվ շատ ծանոթ եմ, և շատ սիրում եմ այս մարդկանց հոգևորական, որովհետև իմ աշակերտներն են և այսօր մեծ հոգևորականներ են, շատ մեծ գործ են անում աշխարհով մեկ: Ընկերներս են, ես աշակերտ երբեք չեմ համարել: Ես հույս ունեմ, որ սա կլինի միշտ օպերային թատրոնի խաղացանկում, որովհետև ինքը շատ նոր լեզու է նաև մեր թատրոնի համար, բավական խիզախ լեզու է, շատ թարմ», - պրեմիերայից առաջ այսօր օպերային թատրոնում հրավիրված ասուլիսին ասաց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:

Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգրյանն է, Լիբրետոյի հեղինակն ու բեմականացնողը՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

«Գուցե, դա շատ-շատ խորն է, շերտերը շատ-շատ են, անկեղծ ասած, և հավատացեք՝ գրաֆիկ եմ գծել շատ մանրամասն, մաթեմատիկական աշխատանք է գնացել սա ստեղծելիս ոչ թե գրելու, այլ հենց պիեսի կառուցվածքը ճիշտ պահելու և մատուցում անելու: Չգիտեմ՝ որքանով է այդ ամենը փոխանցվելու վաղը, բայց այն, որ իսկապես երբ հզոր է դրամատուրգիան, այդպես էլ պիտի ճիշտ պիեսը լինի: Իսկապես երևի ամենամեծ հաճույքն այդ ազատությունն է, և երիտասարդ կազմում էլ պարողներն էլ մեծ հաճույքով են տրվել այս ամենին, և իրենք էլ են նոր բան առաջարկել, և այսպես բոլորիս համար երևի, դե ինձ համար շատ նոր բան է: Իրականում ես եկել եմ, շատ բան եմ սովորել», - շեշտեց Նարինե Գրիգորյանը:

«Միշտ սիրում եմ սովորել նոր մտքեր: Սա, կարծում եմ, արվեստագետի ամենակարևոր հատկությունն է՝ ամբողջ կյանքում սովորել և բաց լինել ընդունել նորություններ, գեղեցիկ նորություններ: Հենց այս բեմադրության համար, փաստորեն, ամեն բեմադրիչ իր պայմաններն է դնում, իր հարցերն է առաջ բերում, և ամեն մի բեմադրություն երաժշտության նոր մեկնաբանություններ է պահանջում, երբեմն ավելացումներ, պակասեցումներ: ԱՄբողջ երաժշտությունը, որ ես գրել եմ բալետի համար, շատ-շատ ավելի երկար է, քան հիմա ներկայացվում է, բայց հենց այս ներկայացման համար ևս գրվել են մասեր, որ հիմա պիտի լինեն», - հավելեց Կարեն Դուրգրյանը:

«Ձգողականություն» խորագրով այս նոր բեմադրության բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության և զգստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո - Հովհաննիսյանը։

Ստեղծագործական խումբը՝ թե երաժշտական, թե բեմադրական առումով կարողացել է ամբողջովին վեր հանել Լևոն Շանթի հանրահայտ ստեղծագործության՝ «Հին աստվածների» էությունը։ Վաչե Շարաֆյանի և Նարինե Գրիգորյանի համագործակցությունն էլ, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։

«Մենք արդեն Համազգային թատրոնի համար ենք մտածում: Դե պարզ է, որ այդպիսի բալետ չի լինելու, ինչպիսին այս թատրոնում է հնարավոր իրականացնել, բայց շատ գայթակղիչ էր այս ամենը, և շատ գեղեցիկ բաներ կան հայտնագործված, և ինչո՞ւ ոչ, կարող է Համազգայինում էլ վաղը բալետ հայտնվի: Վահե Շարաֆյանի երաժշտությամբ մենք արդեն ինչ-որ բաներ խոսացել ենք», - նշեց Նարինե Գրիգորյանը:

«Ես երեք բալետների հեղինակ եմ, չորրորդ անավարտ է, ես սիրով այս պահին ուզում եմ բացեիբաց ընդունել առաջարկը համագործակցության Համազգային թատրոնում: Ընդհանրապես թատերական ժանրում ես արդեն փորձ ունեմ, աշխատել եմ Սունդուկյան թատրոնի հետ, մի քանի ներկայացում, Ժիրայր Դադասյանի հետ…», - հավելեց Վաչե Շարաֆյանը:

Բեմադրությունն ամբողջովին իրականացվել է Համազգային կրթամշակութային միության աջակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG