Մատչելիության հղումներ

2023-ին սպասվում է երկու կարևոր կառուցվածքային փոփոխություն․ Փաշինյան


2023-ին, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սպասվում է երկու կարևոր կառուցվածքային փոփոխություն՝ Ներքին գործերի նախարարության և Արտաքին հետախուզական ծառայության ստեղծում։

Երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կընդունվեն կառավարության կողմից և կուղարկվեն Ազգային ժողով, խորհրդարանում, 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց գործադիրի ղեկավարը։

Իշխող ուժը դեռ հուլիսին խորհրդարանում լսումներ էր կազմակերպել Ներքի գործերի նախարարություն ստեղծելու թեմայով։ Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում։ Թե՛ գործադիրի անդամները, թե՛ իշխանական պատգամավորները հիմնավորում էին, որ այս փոփոխությամբ ոստիկանության նկատմամբ քաղաքացու վստահությունը կբարձրանա։ Այս կառույցը կլինի քաղաքական՝ հաշվետու Ազգային ժողովին։ Հիմա Ոստիկանությունը կառավարությանն առընթեր մարմին է, ղեկավարը՝ ապակուսակցական, իսկ նախարարությունը կդառնա կառավարության մաս։ Ղեկավարն էլ կարող է լինել կուսակցական։ Նախագծի նախնական տարբերակով, ոստիկանապետն ու փրկարար ծառայության պետերը նախարարի տեղակալների կարգավիճակ կունենան։

Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2002 թվականից։

Տևական ժամանակ իշխանությունները խոսում են նաև առանձնացված արտաքին հետախուզական ծառայություն հիմնելու մասին, որի ստեղծման մասին նշում կա կառավարության 2021-2026թթ. ծրագրում։

XS
SM
MD
LG