Մատչելիության հղումներ

Այսօր կանցկացվի «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2022»-ը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, հունիս, 2022թ.

Այսօր ժամը 17-ից Հանրային հեռուստաընկերության եթերով կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ հեռուստամարաթոնը։

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ հեռուստամարաթոնի մեկնարկը կտրվի Հայաստանում, այնուհետև այն կտեղափոխվի Լոս Անջելես և կցուցադրվի տեղական ժամանակով ժամը 14-ից 20-ը:

Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կներկայանա հաշվետու ֆիլմի տեսքով՝ 3 ժամ տևողությամբ, որի ընթացքում Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22 թվականներին իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը:

Հեռուստամարաթոնը կսփռվի նաև արբանյակային կապով՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1tv.am, իսկ նոյեմբերի 24-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում և
ֆեյսբուքյան էջում։

«Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց և վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների և տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են
խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ և այլն:

Սյունիքի, Շիրակի, Արմավիրի և Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի մեր հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է տնակավաններից: Այս բոլոր ծրագրերը դեռ սկիզբն են այդչափ նշանակալի իրականացրած ու կենսական կարևորության նոր ծրագրերի մեկնարկի», - ասված է հաղորդագրությունում:


XS
SM
MD
LG