Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, գործադիր տնօրենի վստահեցմամբ, իր նպատակներից չի շեղվել


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարությունը այս պահին հստակ թիվ չի կարող հրապարակել, թե պատերազմի ընթացքում հիմնադրամին նվիրաբերված ավելի քան 170 միլիոն դոլարից որքանն է փոխանցվել Կառավարությանը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն «Ազատության» հետ զրույցում հորդորեց մի փոքր էլ սպասել, մինչև Ֆինանսների նախարարությունը հաշվետվություն կներկայացնի։ Նշենք, որ հիմնադրամը գումարը Կառավարությանը փոխանցել է դեռ հոկտեմբերին։

Այս ընթացքում իրենք միջանկյալ աուդիտ են հրավիրել և վստահեցնում են, որ Կառավարության բոլոր ծախսերը հիմնադրամի հետ համաձայնեցված են։ Նպատակն ընդհանուր է՝ օգնել պատերազմից տուժածներին՝ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին, վիրավոր զինվորներին։

«Մենք փորձելու ենք դա անել որքան հնարավոր է արագ, որպեսզի որևէ կասկածի տեղիք ուղղակի չտալ։ Հիմնադրամի՝ պետությանը տված աջակցության շնորհիվ, ինչպես ես հասկանում եմ, պետական բյուջեում հնարավոր է եղել անել տեղաբաշխումներ։ Եվ մեր հայրենակիցները օգնել են պահել սոցիալական և առողջապահական համակարգերը, որոնք այդքան կարևոր գործունեություն էին ծավալում հենց պատերազմի ժամանակ», - նշեց Արշամյանը։

Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չէ, մի մասն էլ պատերազմի ընթացքում տրամադրվել է Կառավարությանը։

Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ և մեղադրաքներ հնչեցին հիմնադրամի հասցեին՝ նվիրատուների վստահությունը չարաշելու վերաբերյալ։

Հայկակ Արշամյանը սա որակում է որպես մանիպուլիացա, կառույցը վարկաբեկելու փորձ։ Նրա պնդմամբ, հիմնադրամն իր նպատակից չի շեղվել․ - «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ սա ֆորսմաժորային իրավիճակ է, և այս իրավիճակում թե՛ հիմնադրամը և թե՛ Հայաստանի Հանրապետությունը երբեք, վերջին առնվազն 20-25 տարում չի եղել։ Եվ քանի որ այս դրամահավաքը իրականացվել է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ համաձայնությամբ, այսինքն այս դրամահավաքի մասնակիցները բոլորը տեղյակ են եղել, որ սա ուղղակի հիմնադրամի նախաձեռնությունը չի եղել։ Սա եղել է համատեղ որոշման արդյունք, որպեսզի գումարներ հավաքագրվեն, որոնք կօգնեն, կաջակցեն երկրին՝ դիմակայելու պատերազմին»։

Մեղադրանքները, թե ինչու զենք չի գնվում, ըստ Արշամյանի, տեղին չեն։ Նա հիշեցնում է, որ զենք, ինչպես նաև պաշտպանական պարագաներ՝ սաղավարտներ ու զրահաբաճկոններ գնելու իրավունք չունեն։ Հիմնադրամի միջոցները միայն մարդասիրական ծրագրերի համար են հատկացվում։ Թեև այս պահին չեն մանրամասնում, թե ինչ ուղղություններով են հիմնականում կատարվել ծախսերը՝ հորդորելով սպասել աուդիտի ավարտին, այդուհանդերձ որոշ փակագծեր բացում են․ հսկայական գնումներ հենց անմիջապես հիմնադրամից արդեն իսկ կատարվել են առողջապահական համակարգի պահպանման համար՝ շտապօգնության մեքենաներ, շարժական ռենտգեն ապարատներ, դեղորայք, տարրական կենցաղային իրեր։

«Ինտենսիվ աշխատում ենք հիմա Արցախի կառավարության հետ՝ հասկանալու էնտեղի կարիքները։ Հիմնադրամը մասնակի նաև բնակարանաշինության մեջ կմտնի, ուղղակի պետք է հասկանանք, թե ինչ ուղղություններով դա պետք է արվի։Որովհետև նույնիսկ մենք սահմանային դեմարկացիոն գծերը չգիտենք»։

Հիմնադրամին ուղղվող գումարների հոսքը նոյեմբերի 10-ից հետո, երբ արդեն հայկական կողմը պարտություն էր կրել պատերազմում, նվազել է․ - «Անընդհատ դրամահավաք անելը ուղղակի անհնար է։ Հիմնադրամի ինտենսիվ դրամահավաքը եղել է շուրջ մեկ ամիս։ Հետո պարզ է, որ դինամիկան իջնելու է․․․ Ես շատ մարդիկ գիտեմ, որոնք անընդհատ էին գումար տալիս։ Նաև շատ մարդիկ գիտեմ, հատկապես սփյուռքում, որոնք մի քանի այլ ծրագրերի էլ են տալիս»։

Ի դեպ, հիմնադրամում հավաքագրված ավելի քան 170 միլիոն դոլարի միայն 70 միլիոնը, ըստ տնօրենի, Հայաստանից է փոխանցվել։ Նվիրատուների ցանկում կան նաև խոշոր գործարարներ։

Այսօրվանից մինչև նոյեմբերի 22-ը համահայկական մեծ դրամահավաքներ են լինելու եվրոպական մի շարք երկրներում։ Լոս Անջելեսում էլ ավանդական հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 26-ին։

XS
SM
MD
LG