Մատչելիության հղումներ

Արցախում քննարկումներ են նշանակվելիք նախարարների վերաբերյալ. պետնախարարի խորհրդական


Պաշտոնանկություններ Արցախի կառավարությունում. նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նախարարի պաշտոններից ազատվել են մոտ 20 օր առաջ պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ գտնվող ոլորտների բոլոր պատասխանատուները՝ 11 նախարարություններից 9-ի ղեկավարները։

Իրենց պաշտոնները պահպանել են միայն ներքին գործերի ու պաշտպանության նախարարները՝ Կարեն Սարգսյանն ու Կամո Վարդանյանը, նրանց ոլորտների համակարգումը նախագահին է վերապահված։

Պաշտոններից ազատվել են առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, սոցապ ու տարածքային կառավարման նախարարները, նրանց ժամանակավորապես կփոխարինեն տեղակալները։ Պաշտոնանկ արված մյուս՝ արտաքին գործերի, արդարադատության, քաղաքաշինության ու ֆինանսների նախարարները նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ:

«Մենք պաշտոն ենք ստացել ոչ թե ղեկավարելու, այլ ապահովենք մեր ժողովրդի անվտանգությունը և զարգացումը: Եթե մենք դա չենք հասկանում, մենք իրար հետ ճանապարհ չենք գնալու», - այս հայտարարությունը Ռուբեն Վարդանյանը մի քանի օր առաջ էր արել: Այսօրվա պաշտոնանկություններից առաջ էլ Արցախի պետնախարարը ազատվող նախարարներին, ըստ հաղորդագրության, ասել է, թե ճգնաժամային իրավիճակում կառավարման նոր մոտեցումներ են պետք։

«Կաբինետն ամբողջությամբ, բացի ուժայիններից, կփոխվի»,- «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, Նիկոլ Փաշինյանի կաբինետում մի կարճ շրջան սոցապնախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ներքին գործերի ու պաշտպանության նախարարներին փոխելու քննարկում չկա. «Այն նախարարները, որոնք ազատվել են աշխատանքից, բոլորի գծով նոր նշանակումներ լինելու են, մինչ այդ շարունակելու են կատարել իրենց պարտականությունները: Այս պահին այն մարտահրավերները, որ կան Արցախի առջև, այլ թիմով է պատկերացնում պետնախարարը, իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ և նաև նոր նախարարների վերաբերյալ նշանակումները առաջիկայում կլինեն իր կողմից»:

Պաշտոնյան չբացառեց, որ նախարարի պաշտոնններ կարող են ստանալ ոչ միայն արցախցիներ, նաև սփյուռքահայեր ու հայաստանցիներ։ Իր նշանակումը գերատեսչություններից մեկի ղեկավար բացառեց։ Թե ովքեր կլինեն նոր նախարարները, Առաքելյանը անուններ չտվեց, պնդում է՝ դեռ քննարկումներ են ընթանում։ Արցախի պետնախարարի խորհրդականը չհստակեցրեց, թե նոր նշանակումները ինչ ժամկետներում կլինեն. «Այս պահին որևիցե առանձին որոշում չի կայացվել»:

Ռուբեն Վարդանյանն էլ ավելի ուշ տեղեկացրեց, որ արդեն սկսել է քննարկումները նոր նախարարների նշանակման հարցով:

Ես երբևիցե տաբուրետկաների և աթոռների համար չեմ պայքարել. Դավիթ Բաբայան

Թե ով կփոխարինի արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ասում է՝ տեղյակ չէ՝ ում հետ են բանակցությունները։ Մամուլում այսօր տեղեկություններ հայտնվեցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի արտաքին գերատեսչության ղեկավար։ Առաքելյանը բամբասանք որակեց լուրերը։ Այլ թեկնածուների անուններ էլ են շրջանառվում, մասնավորապես՝ պատերազմից հետո Հայաստանի արտգործնախարար նշանակված, հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոս դարձած Արա Այվազյանինը։

Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին նշանակելով պետնախարար՝ նախագահ Արայիկ Հարությունյանը նրան նախորդից ավելի լայն լիազորություններ տվեց՝ դրանց թվում արտաքին գործերի նախարարի աշխատանքի համակարգումը։

«Ազատություն». - Առաջարկ չի՞ եղել Վարդան Օսկանյանին:

Մեսրոպ Առաքելյան. - Չէ:

«Ազատություն». - Իսկ Արա Այվազյանի՞ն: Ասում են, որ բանակցություններ կան:

Մեսրոպ Առաքելյան. - Չենք մեկնաբանում որևէ բան: Երբ լինի, կասենք:

Ինքը՝ Դավիթ Բաբայանը, կառավարությունում փոփոխությունները բնական է համարում. «Ես երբևիցե տաբուրետկաների և աթոռների համար չեմ պայքարել, չեմ պայքարելու առավել ևս, որովհետև անբարոյական եմ սա համարում հատկապես հիմա: Ես իմ հայրենիքին ծառայելու եմ անկախ ամեն ինչից՝ որտեղ եմ լինելու»:

Ռուբեն Վարդանյանի կառավարությունից արցախցիները ակնկալում են նախ՝ անվտանգային, ապա՝ սոցիալական խնդիրների լուծում. «Խաղաղություն եմ ուզում», - ասում է նրանցից մեկը, մյուսը՝ հավելում. «Եկել է, հարց չկա, թող ղեկավարեն... Ղարաբաղը պիտի ոտքի կանգնի, Ղարաբաղը ոնց էլ լինի, պիտի լինի»:

«Արցախում էնպիսի կարգավիճակ ա, սաղ անտուն, սաղ Հադրութը, Շուշին լցված ստեղ, սաղ միանգամից ուզում են՝ բնակարան լինի, ուզում են՝ ամեն ինչ լավ լինի: Ռուբեն Վարդանյանը հո մենակ չի կարա մի ամսում էսքանը լուծի: Դա ժամանակի հարց է: Բոլոր դեպքերում լավ ակնկալիքներ ունենք», - ասաց մեկ այլ արցախցի:

Արցախցի պաշտոնյաները հայտարարում են՝ չնայած Ադրբեջանից հնչող պահանջներին, Պաշտպանության բանակից հրաժարվելու ծրագրեր չունեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG