Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հասցեին տողատակի խոսք․ Ստեփանակերտից մեկնաբանում են Ալիևի հայտարարությունները


Ռուսաստանի հասցեին տողատակի խոսք․ այսպես մեկնաբանեց Արցախի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցությունից Վահրամ Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը, թե Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրի շուրջ բանակցություններ վարել Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ»։

«Ամենայն հավանականությամբ, ավելի շատ դա Ռուսաստանի հասցեին տողատակի խոսք է։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ղեկավարը փորձում է Ռուսաստանին ասել, որ այնուամենայնիվ դա դուք եք արել։ Երևի սա է ավելի շատ հասկացվում», - «Ազատությանն» ասաց Բադալյանը։

Արցախցի պատգամավորը նաև նշեց՝ որքանով տեղյակ է դեռ քննարկումներ չկան, թե ով պետք է բանակցի կամ ինչպես պետք է բանակցի Ադրբեջանի հետ։

Վկայակոչելով Արցախի անվտանգության խորհրդի մեկ ամիս առաջվա նիստում ընդունված հայտարարությունը՝ պատգամավորն ասաց՝ Արցախը միշտ էլ պատրաստ է խոսել Բաքվի հետ, եթե այդ ամենը լինի հավասարության սկզբունքով, այսինքն՝ հավասարը հավասարի հետ։

«Բնականաբար, մենք կողմնակից ենք, որ բոլոր հարցերը լուծվեն բանակցային սեղանի շուրջ, ինչպես ասում են՝ քաղաքակիրթ եղանակով, բայց ոչ թե ասենք մետրոպոլ երկիրը գաղութի հետ՝ էդ կտրվածքով։ Նման ձևով քննարկում նշանակում է՝ դա քննարկում չէ, դա ինչ-որ պարտադրանք, ինչ-որ ճնշում է», - եզրափակեց Բալայանը։

Ալիևը Եվրամիության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ երեկվա հանդիպման ժամանակ էր թեմային անդրադարձել ու շեշտել, որ չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև արտաքին խաղացողների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ կոնկրետ մատնանշելով Ռուսաստանից Ղարաբաղ վերադարձած Ռուբեն Վարդանյանին:

«Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, «բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - ասել էր Ալիևը՝ շարունակելով․ - «Եթե որոշ երկրներից, չլինեն արտաքին միջամտություն ու Ղարաբաղի հայերի հետ մեր կապերին խոչընդոտելու փորձեր, գործընթացը շատ ավելի լավ կզարգանա»։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահին՝ Վարդանյանը ողջունել է Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու նրա ցանկությունը՝ շեշտելով՝ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի։

«Կցանկանայի նաև առաջարկել ավելի կառուցողական տոնայնության անցնել և պարզաբանումներ ստանալ «հստակ օրակարգի» վերաբերյալ, որը, ըստ պարոն Ալիևի, իբր ունեմ։ Ես բազմիցս ընդգծել եմ, որ հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի խուսափեմ մեղադրանքներից, թե Արցախում հետապնդում եմ ևս ինչ-ոչ մեկի շահերը՝ բացի Արցախի ժողովրդի շահերի։ Կարծում եմ, որ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի կողմից առաջադրված բանակցողի չափանիշին. «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ», - ֆեյսբուքում գրել է Ղարաբաղի պետնախարարը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիրը սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ գործարարը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Հոկտեմբերի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 54-ամյա գործարարին առաջարկեց ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Վարդանյանն էլ հայտարարեց պատրաստ կլինի ընդունել այն, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։ Նոյեմբերի 4-ին Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG