Մատչելիության հղումներ

Կոսովոյում իրավիճակը կրկին լարված է


Սերբիայի դրոշները Կոսովոյի Միտրովիցա քաղաքում, 22-ը նոյեմբերի, 2022թ.
Սերբիայի դրոշները Կոսովոյի Միտրովիցա քաղաքում, 22-ը նոյեմբերի, 2022թ.

Չի բացառվում, որ արդեն առաջիկա ժամերին իրադրությունը Կոսովոյում դուրս գա վերահսկողությունից։ Դա կարող է տեղի ունենալ, երբ ուժի մեջ մտնի Կոսովոյի տարածքում Սերբիայի կողմից թողարկված ավտոմոբիլային համարանիշների օգտագործման վրա տեղական իշխանությունների կողմից սահմանված արգելքը։

Մասամբ ճանաչված Կոսովոյի հանրապետության իշխանությունները պնդում են, որ արդեն մի քանի ժամից երկրամասի հյուսիսում բնակվող սերբերն իրավունք չեն ունենա երթևեկել Բելգրադի կողմից թողարկված համարանիշներով, և որ այդ արգելքը խախտողները կտուգանվեն առնվազն 150 եվրոյով։ Կոսովոյի հյուսիսում ապրող շուրջ 50 հազար սերբերը, սակայն, համոզված են՝ Բելգրադի կողմից թողարկված պետհամարանիշներից հրաժարումը հավասարազոր կլինի Կոսովոյի անկախության ճանաչմանը՝ մի քայլ, որին տարիների ընթացքում դիմել է ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների միայն կեսը։

«Մենք այլևս կորցնելու ոչինչ չունենք։ Մեր ապրում ենք մեր հողի վրա և հուսով եմ, որ ստիպված չենք լինի պաշտպանվել [Կոսովոյի վարչապետ] Կուրտիի բռնարարքներից։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի դիմել ինքնապաշտպանության։ Մարդիկ այլևս չեն հանդուրժելու այն տեռորն ու կտտանքները, որոնք մեր դեմ կիրառում է Պրիշտինան։ Առաջիկայում բողոքի ակցիաներ կկազմակերպվեն բոլոր տեղական հաստատություններում՝ դպրոցներում, հիվանդանոցներում, հանքերում, քանի որ այս ամենը մեզ արդեն պարզապես զզվեցրել է», - երեկ Կոսովսկա Միտրովիցայում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր տեղի սերբերի առաջնորդ, «Սերբական ցուցակ» կուսակցության ղեկավար Գորան Ռակիչը։

Մի քանի ժամից արդեն Միտրովիցայի կենտրոնում կկայանա սերբ կանանց կազմակերպած բողոքի ակցիան։ Լարվածության աճին նպաստում է նաև այն հանգամանքը, որ մի շարք տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոսովոյի հյուսիսում տեղակայվել են Պրիշտինային ենթարկվող ալբանական հատուկ նշանակության ջոկատները։ Վարչական սահմանից այն կողմ տեղակայված են սերբական բանակի մի շարք ստորաբաժանումներ։

Իրադրությունը սրվեց, երբ երկուշաբթի օրը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Եվրամիության միջնորդությամբ անցկացված և գրեթե ութ ժամ տևած բանակցութուններում չկարողացան ընդհանուր հայտարարի գալ։ Պաշտոնական Բելգրադն անգամ համաձայնեց նոր զիջումների գնալ՝ խոստանալով դադարեցնել Կոսովոյի բնակիչների համար սերբական նոր պետհամարանիշների թողարկումն ու ժամկետանցների փոխանակումը։ Կոսովոյի ալբանացիները, այնուհանդերձ, չհամաձայնեցին նաև այս տարբերակին՝ երկրամասի ավելի քան 10 հազար սերբ վարորդներից պահանջելով արդեն այս շաբաթ փոխել իրենց պատկանող մեքենաների պետհամարանիշները։

Միայն երեկ հայտնի դարձավ, որ Կոսովոյի կառավարությունը համաձայնել է վերջնաժամկետը երկարաձգել 48 ժամով։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի խոսքով՝ դա արվել է պաշտոնական Վաշինգտոնի խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG