Մատչելիության հղումներ

Սերբիայի կառավարությունը փոխվում է, Կոսովոյի ճգնաժամը խորանում է, գազի գինը ֆանտաստիկ է․ Ալեքսանդր Վուչիչ


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը օգոստոսի 27-ին կայացած ասուլիսում հայտնել է, որ վարչապետ Անա Բրնաբիչին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել, հավելելով, թե դա «բարդ» որոշում էր։

Նա նշել է, որ Բրնաբիչը չի պաշտոնավարի լրիվ ժամկետով՝ 4 տարով, քանի որ 2024 թվականին կառավարությունում տեղի են ունենալու փոփոխություններ։ Մինչ այդ նա մնալու է շարունակելու համար խնդիրների լուծումը։

Անա Բրնաբիչը Սերբիայի առաջին կին վարչապետն է և առաջին բացահայտ միասեռական բարձրաստիճան պաշտոնյան, ով վարչապետի պաշտոնին նշանակվել է 2017 թվականից։

Կոսովոյում ճգնաժամը խորանում է

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր ասել է, որ Կոսովոյում ճգնաժամը խորանում է։ «Ամեն դեպքում ճգնաժամը շարունակվում է խորանալ։ Կարևոր է, որ մենք խաղաղ արձագանքեցինք, որպեսզի մեզ չմեղադրեն բանակցությունները տապալելու մեջ։ Վախենամ Կոսովոյում ճգնաժամը չավարտվի մինչև հոկտեմբերի 30-ը, այլ ավելի խորանա։ Մենք նահանջելու տեղ չունենք»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը։

Վերջերս ԱՄՆ-ի և ԵՄ բանագնացները հանդիպումներ էին ունեցել կողմերի հետ։

Սերբիան Ռուսաստանից գազը գնում է «ֆանտաստիկ» ցածր գնով

«Մենք 3,2 միլիարդ խորանարդ մետր գազ ենք սպառում։ Ռուսաստանից ստանում եք 2 միլիարդ խորանարդ մետրը և վճարում 800 միլիոն եվրո՝ «ֆանտաստիկ գին»: Մնացած 1,2 միլիարդ խորանարդ մետրի համար, ներկայիս գներով մենք կվճարեինք 4,8 միլիարդ եվրո։ Բարեբախտաբար մեզ հաջողվեց գազ գնել մինչև ներկայիս ծանր ժամանակները, այլապես մենք սննանկ կլինեինք»,- ասել է Սերբիայի նախագահը։

Ավելի վաղ Վուչիչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցել էր Սերբիայի համար գազ պահեստավորել Հունգարիայի գազապահուստներում։ Օրբանը 300-500 միլիոն խորանարդ մետր գազ պահուստավորելու համաձայնություն էր տվել, ինչը Սերբիայի նախագահը բարձր է գնահատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG