Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի անդամներն ընդունված բանաձևով իրենց աջակցություն են հայտնում Հայաստանին, Ալիևն արձագանքում է


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի անդամ է նաև Հայաստանը, անցած շաբաթավերջին Թունիսում անցկացված գագաթնաժողովի ավարտին «Ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձև է ընդունել, որով կազմակերպության 50-ից ավելի անդամ-երկրներ աջակցություն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Պետական գործակալությունը, սակայն, նշում է, թե այն «խորին մտահոգություն է հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես՝ միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

Գագաթնաժողովի ընթացքում, դիմելով մասնակիցներին, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը համարժեք արձագանք է ակնկալում միջազգային հանրությունից Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային: Փաշինյանը հավելել էր՝ հաստատված զինադադարը, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:

«Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր», - ընդգծել է վարչապետը։

Գագաթնաժողովի արդյունքում ընդունված փաստաթուղթը պաշտոնապես դեռ չի հրապարակվել։

Ադրբեջանի նախագահը մինչ այդ՝ այսօր պնդել է, թե հակաադրբեջանական որոշ դրույթներ ի վերջո դրանից հանվել են՝ Բաքվի դիվանագիտական ջանքերի շնորհվ։ Իշխող կուսակցության հիմնադրման 30-ամյակի ելույթում Ալիևը կրկին հայերին թշնամի է ասել, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային մեղադրել՝ Հայաստանին սատարելու համար։

«Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան է, որը այժմ հովանավորում է Հայաստանին։ Այնտեղ պատրաստված բանաձևի նախնական տեքստը հիմնված էր հակաադրբեջանական թեզերի վրա և լիովին հակասում էր իրականությանը, սակայն մեր բարեկամների շնորհիվ հակաադրբեջանական բոլոր դրույթները հանվեցին, և հայ-ֆրանսիական տանդեմը չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից», - նշել է Ալիևը:

Թե որ դրույթներն են հանվել բանաձևից և որ երկրներն են դրան նպաստել՝ Ալիևը չի հստակեցրել։ «Ազատությունը» այս հարցով դիմել է նաև Հայաստանի արտգործնախարարություն, խոստացան մեկնաբանել ավելի ուշ։

Ալիևը, մինչդեռ, պնդել է, թե Բաքուն բարեկամներ ունի ոչ միայն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում, որին Ադրբեջանը չի անդամակցում, այլև Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ռազմական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում՝ կրկին չլինելով դրա անդամ։

«Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և դրա միջոցով մտադիր էր անհիմն պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, իսկ իրականում՝ ուզում էր կազմակերպության անդամներին Ադրբեջանի դեմ հանել։ Դա մեծ սադրանք էր, սակայն, կազմակերպության մյուս անդամները դրան չգնացին։ Իսկ դա նշանակում է, որ մենք այդ կազմակերպությունում ավելի շատ բարեկամ ունենք, քան Հայաստանը», - ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Ալիևի ելույթից առաջ՝ ՀԱՊԿ արտահերթ խորհրդի նիստում, որը հրավիրվել էր Հայաստանի նախաձեռնությամբ՝ հենց Ադրբեջանի հետ վերջին բախումները քննարկելու համար, Բելառուսի նախագահն էր հանդիմանել Հայաստանի վարչապետին ու հորդորել՝ լուծել Ալիևի հետ տարաձայնությունները՝ Պուտինի միջնորդությամբ։

«Արդյո՞ք Ադրբեջանն այստեղ ներկա պետությունների ու երկրների ղեկավարների համար թշնամի է կամ հակառակորդ։ Ոչ: Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ հարազատ պետություններ են։ Եվ սա է իրավիճակի առանձնահատկությունը։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել: Հնարավոր չէ հարցը դնել այնպես, որ մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Դա ճիշտ չէ։ Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը», - ասել է Լուկաշենկոն։

Ի դեպ, Իլհամ Ալիևը հարկ է համարել ՀԱՊԿ-ում Ադրբեջանի ունեցած դաշնակիցների մասին խոսել կազմակերպության հերթական գագաթնաժողովի շեմին, որը կանցկացվի երկու օրից՝ Հայաստանում։ Արդեն հայտնի է, որ հանդիպմանը կմասնակցեն անդամ բոլոր երկրների առաջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահը, օրակարգի կարևորագույն հարցերից մեկն էլ կլինի, ըստ պաշտոնական հաղորդագրության, կազմակերպության աջակցությունը Հայաստանին։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը մի քանի անգամ դիմել է ռազմական դաշինքին՝ օգնության ակնկալիքով, դեռ սպասում է պատասխանի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG