Մատչելիության հղումներ

Թուրքիան չի սահմանափակվի Սիրիայում և Իրաքում օդային հարձակումներով. Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Սիրիայի հյուսիսում և Իրաքում Թուրքիայի ձեռնարկած «հակաահաբեկչական գործողությունը» չի սահմանափակվի օդային հարձակումներով, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Եթե որևէ մեկը մեր երկրի, մեր տարածքների դեմ ագրեսիա իրականացնի, ապա կստանա պատասխան», - լրագրողների հետ զրույցում սպառնացել է Թուրքիայի նախագահը՝ պնդելով, որ ռազմական այդ ծրագրերի մասին տեղեկացրել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի նախագահներին. - «Թե՛ Բայդենը, թե՛ Պուտինը գիտեն, որ մենք ցանկացած ժամանակ կարող ենք նման գործողություններ իրականացնել այդ տարածաշրջանում»:

Անկարան հարևան երկրների տարածքների վրա հերթական հարձակումներն է նախաձեռնել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից մեկ շաբաթ անց, որի համար մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հատուկ գործողության թիրախը քրդական հենակետերն են, որտեղ, ինչպես պնդում է գերատեսչությունը, նախապատրաստվել է Ստամբուլի պայթյունը:

Թուրքիան 2016 թվականից ի վեր երեք անգամ ներխուժել է Հյուսիսային Սիրիա և արդեն վերահսկում է որոշ տարածքներ։

Ինչպես սիրիական աղբյուրները, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են վերջին օրերի հարձակման հետևանքով Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մասին։

Թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սիրիայի հյուսիսից արձակված հինգ հրթիռների հարվածներից Թուրքիայի սահմանամերձ Քարքամիս շրջանում զոհվել է երկու մարդ, ևս վեցը վիրավորվել է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG