Մատչելիության հղումներ

Ղազախստանի գործող նախագահը հաղթում է ընտրություններում


Ղազախստան - Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քվեարկում է նախագահական ընտրություններում, Աստանա, 20-ը նոյեմբերի, 2022թ.
Ղազախստան - Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քվեարկում է նախագահական ընտրություններում, Աստանա, 20-ը նոյեմբերի, 2022թ.

Ղազախստանի նախագահական ընտրություններում, կանխատեսելիորեն, հաղթեց երկրի ներկայիս նախագահ 69-ամյա Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ հավաքելով ձայների ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսից ավելի ձայն ըստ էքզիթ փոլի տվյալների։

Ընտրություններին մասնակցությունը, ըստ նախնական պաշտոնական գնահատականների, կազմել է գրեթե 70 տոկոս, այսինքն՝ ընտրություններին մասնակցել է 8,3 միլիոնը 12 միլիոն ընտրողներից։

Ընտրություններից առաջ որոշ վերլուծաբաններ շեշտում էին, որ ընտրողների մասնակցության մակարդակը ոչ պակաս կարևոր է լինելու, քան հաղթողի անձը:

Նախագահական ընտրությունները նշանակել է անձամբ Տոկա7ը, ով, ըստ վերլուծաբանների, մտադիր է այդկերպ լեգիտիմացնել իր իշխանությունը: Դիտորդները նկատում են, որ կիրակի օրն անցած ընտրությունները կուժեղացնեն գործող նախագահի դիրքերը։

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին վեց թեկնածուներ: Տոկաևը, սակայն, իրական մրցակից չուներ, մյուս հինգ թեկնածուները նախկինում չէին նկատվել մեծ քաղաքականությունում և մեծ քաղաքական բեմում են հայտնվել ընտրություններից բառացիորեն երկու ամիս առաջ։

Վերլուծաբանները կարծում են, որ Տոկաևն արտահերթ ընտրություններ է հրավիրել իր հաղթանակն ապահովելու համար՝ նախքան իրական հակառակորդների ի հայտ գալը և մինչև երկրում բողոքի ցույցերի աճը:

Տոկաևը Ղազախստանի նախագահ է դարձել 2019 թվականին: 28 տարի երկիրը ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևն արտահերթ ընտրություններում աջակցել էր Տոկաևին և փաստացի իշխանությունը փոխանցել նրան։ Շատերը նրան համարում էին Նազարբաևի հովանավորյալ և հավատարիմ աջակից։

Սակայն 2022 թվականի հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, երբ անկարգությունների հետևանքով զոհվեց առնվազն 225 մարդ, նոր նախագահը սկսեց ակտիվորեն հեռացնել նախկին առաջնորդի հարազատներին տարբեր առանցքային պաշտոններից, այդ թվում՝ հատուկ ծառայություններում:

Հունվարի բողոքի ցույցերից հետո երկրի նախագահն առաջարկեց փոփոխել Ղազախստանի Սահմանադրությունը, և ըստ նոր Սահմանադրության՝ պետության ղեկավարը կկարողանա պաշտոնավարել միայն մեկ ժամկետ, այսինքն՝ միայն յոթ տարի:

Վերլուծաբանները կանխատեսում են փոփոխություններ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտաքին քաղաքականությունում։ Նրանց կարծիքով՝ Տոկաևը համոզիչ հաղթանակից հետո է՛լ ավելի տեսանելի կփոխի արտաքին վեկտորը, խորացնելով հարաբերությունները Չինաստանի և Թուրքիայի հետ և է՛լ ավելի հեռանալով Ռուսաստանից:

XS
SM
MD
LG