Մատչելիության հղումներ

Հայաստանի համար շատ վտանգավոր է ռուսական արատավոր ուղեծրում մնալը. Արմեն Խարազյան


Հայաստանի համար շատ վտանգավոր է ռուսական արատավոր ուղեծրում մնալը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը:

«Ազատությունը». - Ինչպե՞ս ամրացնի պաշտպանությունը, պարոն Խարազյան, միայնակ դա չի կարողանում անել Երևանը, Մոսկվան ու ՀԱՊԿ-ն էլ չեն օգնում:

Խարազյան. - Ակնհայտ է, որ Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնում և չեն էլ օգնելու, ու Երևանը միայնակ էլ չի կարողանալու դա անել, դրա համար ես կցանկանայի տեսնել Հայաստանի կողմից ավելի հանձնառու կեցվածք՝ իր ռազմաքաղաքական հարաբերություններն աշխարհում վերաիմաստավորելու և իր քաղաքական նախընտրությունները շատ ավելի հստակ հայտարարելու և դրանց հետամուտ լինելու առումով: Օրինակ՝ ես կցանկանայի տեսնել, որ Հայաստանը հստակորեն հայտարարի, որ վերակենդանացնում է Եվրամիության ասոցացման շուրջ իր բանակցությունները՝ ողջ սպեկտորով, ընդ որում, նաև ընդլայնում է այդ սպեկտորը և կողմնորոշվում է դեպի Եվրամիության աստիճանական անդամակցություն, որը պետք է ենթադրի Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական գոտուց, ինչպես նաև ԱՊՀ-ից: Ես կցանկանայի տեսնել Հայաստանի կողմից քաղաքական կամք, հետևողական քայլեր այս ուղղությամբ, որոնց շրջանակում մեր երկիրը կկարողանար ռազմաքաղաքական համագործակցություն զարգացնել առաջատար արևմտյան պետությունների հետ, այդպիսով ձեռք բերել այն կարողությունները, որոնք նրան թույլ կտային սեփական ուժերով տեր կանգնել սեփական իրավունքներին, ինչպես նաև Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներին, ազատությանը և սեփական կամարտահայտմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքին: Այստեղ այլընտրանք չկա, ձգձգել, պարզապես ի նկատի ունենալով, որ դա դժվար է լինելու, որևէ դրական բան Հայաստանին տալ չի կարող ձգելը, հակառակը՝ բերում է Հայաստանին ավելի ծանր իրավիճակի:

«Ազատություն». - Պարոն Խարազյան, արդյոք Արևմուտքում՝ Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում ունե՞ն ցանկություն ստանձնել այդ գործը, ինչը նշանակում է հակադրվել Ադրբեջանին, որի հետ հիմա գազային հետաքրքրություններ ունեն:

Խարազյան. - Ադրբեջանի հետ հիմա գազային ընդհանուր հետաքրքրությունների խնդիրն ուռճացված է, Ադրբեջանը չունի այդ գազային հնարավորությունները, որը նրանք կցանկանային, որ աշխարհը կարծեր, թե իրենք ունեն: 15 միլիարդ խորանարդ մետր գազի մասին Եվրոպային մինչև 2027 թվականը տրամադրելու համաձայնագիրը, եթե դուք դիտարկում եք այն ենթատեքստում, որտեղ նաև երևում է Եվրոպայի տարեկան գազի սպառման ցուցանիշը, մոտավորապես 500 միլիարդ խորանարդ մետր, ակնհայտ է դառնում Ադրբեջանի նշանակության, ծովում մեկ կաթիլ լինելու երևույթը:

Մյուս կողմից, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հետաքրքրվա՞ծ են արդյոք Հայաստանի հետ աշխատանքով, ես կարող եմ ասել, որ՝ այո, հետաքրքրված են, սակայն այստեղ Հայաստանի կողմից է բացակայում շահագրգռվածությունը: Իմ տեղեկություններով՝ Հայաստանին բազմիցս հնարավորություն է տրվել հստակորեն նշել Եվրամիության հետ իր ասոցացման գործընթացը վերականգնելու մտադրությունն ու ցանկությունը՝ հաշվի առնելով այն կատաստրոֆիկ ձախողումը, որին Հայաստանը ենթարկվեց պատերազմում: Հայաստանը վերապահ է մնացել իր նպատակները հստակորեն հայտնելուց: Թեև հայկական կողմը միշտ շահագրգռություն է ունեցել աշխատել Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ զանազան ուղղություններով, սակայն միշտ ընդգծել է, որ չէր ցանկանա, որպեսզի այդ ուղղությունները որևէ կերպ խոչընդոտեին, սահմանափակեին կամ որևէ կերպ բացասաբար ազդեին հայ-ռուսական համագործակցության վրա, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը չի պատրաստվում Արևմուտքի, Միացյալ Նահանգների հետ զարգացնել հարաբերություններ, որոնք որևէ կերպ կփոփոխեին Ռուսաստանի հետ իր այսօր գոյություն ունեցող երկուստեք հանձնառությունները: Այս պարագայում ակնկալել Արևմուտքից կամ եվրոպական երկրներից որևէ այլ կեցվածք, քան բաց մնալը Հայաստանի հետ նման աշխատանքներին, դժվար է:

«Ազատություն». - Ենթադրաբար, Երևանում զգուշանում են Մոսկվայի կտրուկ գործողություններից՝ սկսած տնտեսական ճնշումներից մինչև զորքը Լեռնային Ղարաբաղից դուրս բերել և արցախահայությանը փորձանքի մատնել:

Խարազյան. - Վախ, իներցիա և անկարողություն, այո, երեքն էլ լուրջ խնդիրներ են, սրանք պետք է հաղթահարվեն: Այն շոկը, որ Հայաստանն ապրեց 2020 թվականի նոյեմբերին, ավելի քան բավարար էր, որպեսզի Երևանը լուրջ հետևություններ անի նրա մասին, թե ինչ ռազմաքաղաքական համակարգում է ինքն իրեն դրել: Ռիսկն, ըստ իս, Ռուսաստանի ղեկավարությամբ ընթացող այլ գործընթացներից շատ ավելի մեծ է, քան դրանցից դուրս գալու պարագայում այն ռիսկը, որին Հայաստանը կարող է ենթարկվել: Ռուսական ուժերն, ինչպես տեսնում ենք, չեն կարող և պետք էլ չէ, որ նրանք երաշխավորեն Արցախի ազատությունը, քանի որ նրանք այդպիսի խնդիր իրենց առջև չեն դրել:

Եթե Հայաստանը ցանկանում է կառուցել զարգացած, արդիական և սեփական խնդիրները սեփական ուժերով լուծել կարողացող հասարակություն և պետություն, ապա Հայաստանի համար պահն այսօր առավել, քան նպաստավոր է այդ որոշումները կայացնելու համար: Ռուսաստանի թուլանալու կամ Ռուսաստանի ուժեղանալու պարագայում, եթե Հայաստանն այսօր քայլեր չձեռնարկի իր կարողությունները զարգացնելու նպատակով, ապա երկու տարբերակում էլ Հայաստանը տուժողի դերում է հայտնվելու:

XS
SM
MD
LG