Մատչելիության հղումներ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը քրդերին է մեղադրում Ստամբուլի ահաբեկչության համար


Թուրքիա - Ահաբեկչությունը Իսթիքլալ պողոտայում, Ստամբուլ, 13-ը նոյեմբերի, 2022թ.
Թուրքիա - Ահաբեկչությունը Իսթիքլալ պողոտայում, Ստամբուլ, 13-ը նոյեմբերի, 2022թ.

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, ով մեղադրվում է երեկ Ստամբուլում առևտրի խոշոր կենտրոնում ահաբեկչական պայթյուն իրականացնելու համար:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ահաբեկչությունը քուրդ զինյալներն են կազմակերպել: Նրա խոսքով՝ ձերբակալվել է 46 կասկածյալ, այդ թվում անձը, ով տեղադրել է ռումբը Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում:

Երեկվա պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ՝ երեք ընտանիքներից երկուական անդամ, կան մի քանի տասնյակ վիրավորներ, նրանցից երկուսը ծանր վիճակում են:

Սոյլուն ասել է, որ ռումբը պայթեցնելու հրահանգը ստացվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի ավանից: Թուրքիայի բանակն այդ շրջանում վերջին տարիներին մարտեր է վարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների և քրդերի հետ առնչություն ունեցող զինված այլ խմբերի դեմ:

Ռումբը պայթեցրած ահաբեկիչն, ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի, Ստամբուլ է ժամանել Սիրիայի հյուսիսում գտնվող մեկ այլ ավանից՝ Աֆրինից:

Ձերբակալված կասկածյալներից մեկը կին է:

XS
SM
MD
LG