Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմը» վերադառնում է խորհրդարան, կշարունակի նաև փողոցային պայքարը


Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի եկող շաբաթվա նիստերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ շեշտելով՝ դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու:

«Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում», - գրել է Թովմասյանը՝ շեշտելով՝ իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել և իրենց ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու են իշխանությունների հեռացման համար:

Դեռևս պարզ չէ «Հայաստան» խմբակցությունը ևս վերադառնում է խորհրդարան, թե ոչ, խմբակցությունը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։

Ընդդիմադիր երկու՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները սկսեցին բոյկոտել ԱԺ նիստերը մայիսից՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Վրաններ տեղադրեցին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում և ամենօրյա փողոցային պայքար սկսեցին։ Մեկուկես ամիս հետո հայտարարեցին մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հավաքների թիվն էլ պակասեց։

Աշնանային նստաշրջանն էլ մեկնարկեց առանց ընդդիմադիր խմբակցությունների։ «Խորհրդարանում կեղծ օրակարգեր են քննարկվում՝ Հայաստանի պետականության լրջագույն սպառնալիքների հետ որևէ առնչություն չունեցող», - բոյկոտը շարունակելու որոշումն այսպես փաստարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

XS
SM
MD
LG