Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի Ազգային ժողովի նիստերին


Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը և՛ս «կշարունակի քաղաքական բոյկոտն» ու չի մասնակցի Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերին։

«Չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին», - հայտնում է խմբակցությունը՝ շեշտելով՝ ժողովրդի կողմից ստացած մանդատն օգտագործելու են՝ «հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները, դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ»:

«Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, հաղթահարել մարտահրավերները, փակել պարտության էջը, դուրս գալ այս նվաստացած վիճակից», - ասվաած է խմբակցության հայտարարությունում:

«Պատիվ ունեմ» խմբակցույթունը ևս հայտարարել է, որ շարունակելու է բոյկոտել ԱԺ նիստերը։

Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Արցախը փրկելու և Փաշինյանին հեռացնելու կոչերով մայիսից փողոցային պայքարի մեջ էին՝ վրաններ տեղադրելով Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում։ Մեկուկես ամիս փողոցային պայքարից հետո ընդդիմադիրները հայտարարեցին պայքարի մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հետո պատգամավորական մանդատները վայր դրեցին «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG