Մատչելիության հղումներ

Ռուսաստանում արգելված «Արտդոկֆեստ» կինոփառատոնն այս տարի անցկացվում է Երևանում


«Արտդոկֆեստ»-ի բացման արարողությունը Կինոյի տանը
«Արտդոկֆեստ»-ի բացման արարողությունը Կինոյի տանը

Արդեն երկու տարի Ռուսաստանում արգելված «Արտդոկֆեստ» կինոփառատոնն այս տարի Երևան է տեղափոխվել։ Հայրենիքում խոչընդոտներն այնքան շատ էին՝ դահլիճներ չտրամադրելուց մինչև փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու վրա հարձակումը, նրա դեմ քրեական գործը, ապա հետախուզումը։ Եվ ահա «Արտդոկֆեստը» արտագաղթել է։

«Ես շատ կուզեի ինչ-որ բան փոխել Ռուսաստանում։ Ոչ թե ինչ-որ բան, այլ շատ կոնկրետ բան՝ ես համաձայն չեմ հիմա ընթացող պատերազմի հետ, ուզում եմ հնարավորինս արագ այն դադարի։ Այդ իսկ պատճառով մենք մտածեցինք, որ հիմա հանդիսատեսի հետ պետք է խոսել կարևորի մասին և այսպիսի փառատոն իրականացնել», - ասաց Կինոյի տանը մեկնարկած «Արտդոկֆեստի արձագանքը Երևանում» փառատոնի տնօրեն Սերգեյ Ցելիկովը։

Նրա խոսքով, սա նաև ռուս միգրանտներին զորակցելու մի միջոց է։ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո հայրենիքը լքած Ռուսաստանի քաղաքացիներն էլ հենց հանդիսատեսի մեծ մասն էին կազմում։

«Պատերազմը մեր բոլորի տանն է», - ասում է Վիտալի Մանսկին։ Նրա վերջին՝ «Գորբաչով. Դրախտը» ֆիլմով երեկ երեկոյան բացվեց կինոմիջոցառումը։

«Գորբաչովն իր երկար կյանքի ընթացքում, ցավոք, ապրեց մինչև այն արժեքների, իդեալների, ձգտումների ամբողջական ոչնչացումը, որոնք փորձել էր առաջարկել ռուս ժողովրդին», - նշեց Մանսկին։

«Գորբաչով. Դրախտը» ֆիլմում Խորհրդային Միության 90-ամյա վերջին առաջնորդը Մոսկվայի մերձակայքում գտնվող ծառայողական տանը պատմում է իր ցավերի, մտորումների մասին։ Ընդունում է՝ կազմաքանդելով խորհրդային համակարգը արժանացավ և՛ փառաբանոման, և՛ անեծքի։ Միակ սոցիալիստը Գորբաչովը համարում է հենց իրեն, ասում է՝ բոլոր ժողովուրդներն ունեն ազատության իրավունք, բայց ազատության փնտրտուքը այսօր Ռուսաստանում այլ բանի է վերածվել։

Մանսկին, որի նկատմամբ Ռուսաստանն այսօր հետախուզում է հայտարարել, հրապարակավ դեմ է արտահայտվել Ուկրանայի դեմ պատերազմին, մասնակցել է հակապատերազման ցույցերին։ Հիմա ապրում է Ռիգայում, ուկրաինական պատերազմի մասին ֆիլմ է նկարում։ Այն մինչև տարեվերջ պատրաստ կլինի։

Մանսկիի համար պատերազմը կարմիր գիծ է, որից հետո Ռուսաստանը դարձավ փակ երկիր. - «Պատերազմի ժամանակ կինոն ու արվեստն անզոր են։ Իսկ պատերազմից առաջ և հետո արվեստի առաջադրանքն է դաստիարակել այնպիսի հասարակություն, որը թույլ չի տա պատերազմ։ Երբ արդեն պատերազմ է, բոլոր մարդասիրական և խաղաղասիրական հայտարարությունները իրականում սադրանք ու դավաճանություն են։ Պատերազմի ժամանակ մուսաները լռում են»։

Նա ասաց, որ իր առաջին ֆիլմերից մեկը նկարահանել է Լաչինում, երբ ղարաբաղյան պատերազմը նոր էր սկսվում, Սովետական Միությունը դեռ չէր փլուզվել։ Բայց ֆիլմը հեղինակինը չէ, այլ պետությանը, որն այլևս գոյություն չունի։ Աբսուրդ իրավիճակ, ասում է Մանսկին, անգամ ինքը չի կարող այն դիտել։

Պատմում է՝ սարի վրա ադրբեջանական դպրոցն էր, ստորոտում՝ հայկականը. մի տեղ երեխաներին սովորեցնում էին, թե Ղարաբաղն իրենցն է, մյուսում էլ՝ թե Արցախը մերն է։ Մանսկին ասում է՝ այդ երեխաները հիմա արդեն 30-անց մարդիկ են, որոնք իրենց կյանքն են երևի տվել այդ անավարտ պատերազմին։

Հարցին, թե արդյո՞ք ցանկություն կա նորից գնալ Լաչին ու նոր ֆիլմ նկարել, ռեժիսորը պատասխանեց. - «Հաշվի առնելով, որ Լաչինը հիմա Ադրբեջանի տարածքում է, ինձ մի տեսակ....չգիտեմ։ Չեմ կարծում, որ հիմա այնտեղ կգնամ։ Չեմ կարծում»։

«Հիմա ապրում ենք մի իրավիճակում, երբ ավելի շատ են անպատասխան հարցերը, քան պարզ ու ակնհայտ ճշմարտությունների գիտակցումը», - ասում է ռուս անվանի ռեժիսորը՝ ընդգծելով, որ այս փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերն արտացոլում են հասարակության ճգնաժամը, որը թույլ է տվել այս ամենը։

Սվետլանա Ստասենկոյի «Ցատկ տեղից» ֆիլմը կարծես նախազգուշացում լինի։ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից մոտ երեք տարի առաջ ամբողջ Ռուսաստանում քահանաները քարոզներում փառաբանում էին Պուտինին, զինվորների հետ խոսում հոգու անմահության ու երկնային թագավորության մասին։

Ի՞նչ էր այս լայնածավալ արշավը՝ ռուս զինվորականների նախապատրաստում անձնազոհությա՞նը, սպանդի՞. - «Ամենավատ երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, թե ի՞նչ սրանից դուրս կգա։ Մենք հիմա գլխիվայր ենք ապրում։ Միակ հույսս այն է, որ երկար գլխի վրա կախված մնալ չեք կարող»։

Կինոփառատոնը կավարտվի նոյմեբերի 13-ին։ Ռուսաստանում արգելված ֆիլմերը հնարավոր է դիտել ՆՓԱԿ-ում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG