Մատչելիության հղումներ

ՀՀ ֆինանսների նախարարն այցելում է Իրան


Տիգրան Խաչատրյանի հանդիպումը Իրանի Ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի հետ, Թեհրան, 8-ը նոյեմբերի, 2022թ․
Տիգրան Խաչատրյանի հանդիպումը Իրանի Ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի հետ, Թեհրան, 8-ը նոյեմբերի, 2022թ․

Հայաստանի և Իրանի միջև տնտեսական փոխանակումների ծավալը 25 տոկոս աճել է, այս տարի այդ աճը կկազմի ավելի քան 40 տոկոս, ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Թեհրանում՝ Իրանի Ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի հետ հանդիպման ժամանակ։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի միջև տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը:

Ընդգծելով, որ Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա՝ Էհսան Խանդուզին հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ, «իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»։

Խաչատրյանի հետ նոյեմբերի 7-ից Թեհրանում է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Նրանք հանդիպել են նաև ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմին, նախատեսվում է հանդիպում Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ:

Սա նախարարի պաշտոնում Խաչատրյանի առաջին այցն է Թեհրան։ Ըստ նախարարի՝ քննարկումներն արդյունավետ էին ու կառուցողական։

XS
SM
MD
LG