Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը «շատ դրական նշան» է համարում Երևանի և Բաքվի համատեղ հաղորդագրությունը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգները շատ դրական նշան է համարում այն, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են հրապարակել, երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Կարևոր է նշել, որ իր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպումից հետո երկու երկրները համատեղ հայտարարությամբ հանդես եկան», - ասել է Փրայսը՝ ընդգծելով. - «Համատեղ հայտարարությունը այս երկու երկրների համատեքստում [...] շատ դրական նշան է, որ երկրները կարող են համաձայնության գալ ոչ միայն համատեղ հայտարարության, այլև բուն հարցի շուրջ»։

Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ արտգործնախարարները պայմանավորվել են ակտիվացնել բանակցությունները և նոր հանդիպում կազմակերպել առաջիկա շաբաթների ընթացքում:

Նեդ Փրայսը երեքշաբթի օրը նաև հաղորդագրություն էր տարածել՝ համոզմունք հայտնելով, որ Երևանն ու Բաքուն լրջորեն ձգտում են խաղաղության:

XS
SM
MD
LG