Մատչելիության հղումներ

«Գերազանցեց բոլոր սպասելիքները». անկախ Հայաստանի պատմության առաջին ոսկե մեդալը մարմնամարզությունում


Անկախ Հայաստանի պատմության առաջին ոսկե մեդալը մարմնամարզությունում. օլիմպիական բրոնզից հետո Արթուր Դավթյանը աշխարհի համար մեկի տիտղոսը նվաճեց:

Երկու ցատկ, 15.050 միավոր և հենացատկում 30-ամյա հայազգի մարմնամարզիկը լավագույնն է։ Անգլիական «Լիվերպուլում» երեկ Հայաստանի հիմն էր հնչում: Արթուրենց տանն էլ երեկ մի իսկական տոնախմբություն էր:

Դավթյանի հաջողությունը միակը չէր։ 38-ամյա Հարություն Մերդինյանն էլ նժույգ-թափերի վրա երրորդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով աշխարհի առաջնություններում մեդալ նվաճած ամենատարեց մարզիկը երբևէ։

Դավթյանը, Մերդինյանը ու հայաստանցի մյուս մարմնամարզիկները հենց Երևանի սրտում են սկսել իրենց մարզական պատմությունը կերտել։ 1969 թվականին կառուցված ու մինչ օրս չհիմնանորոգված Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում այսօր բոլորն էին Արթուրից ու ընկեր Հարութից խոսում՝ մեծից փոքր։ Բայց մարզումները՝ առաջին հերթին։

Ոմանք նժույգի վրա, ոմանք՝ զուգափայտերով, մյուսներն էլ իրենց առաջին ցատկերի մեջ են փորձում հմտանալ հենց այն վնասված սարքի կողքին, որի վրա աշխարհի չեմպիոնն է մարզվել։ Արթուրն անձամբ է ժամանակին մասնագետ բերել այն վերանորոգելու ու զոդելու համար։

«Պարապմունքների ընթացքում շատ ենք շփվում իրար հետ, մեր սխալները շատ են ուղղում», - ասում են նրանք:

Պատանիներ Համլետն ու Մամիկոնը Դավթյանի ու առաջատար մյուս մարմնամարզիների հետ համատեղ մրցումների մասնակցելու հնարավորություն արդեն ունեցել են։ Ամռանը Մյունխենում Եվրոպայի առաջնությունում 16-ամյա Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ նվաճեց։ Մամիկոն Խաչատրյանին էլ մեկ քայլ չբավականացրեց բրոնզի համար։

Ամենամեծ նպատակներն ունեցող պատանիներն ավագ ընկերների մասին ակնածանքով են խոսում. «Շատ հաջողություններ են ունեցել սկսած Արթուր Դավթյանից, որ թե Եվրոպայի առաջնություն հաղթեց, թե երեկ աշխարհի առաջնություն, օլիմպիական բրոնզե մեդալակիր: Նաև ուզում եմ շեշտել ընկեր Հարութին, որ իր պատկառելի տարիքի՝ 35 տարեկան հասակում կարողանում է լավ արդյունքներ գրանցել: Մեր հավաքականի բոլոր տղաներն էլ շատ լավն են»:

Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը Արթուրի հետ արդեն զրուցել է։ Անկեղծանում է՝ սպասում էին հաջողությանը, բայց Դավթյանի չեմպիոնական ցատկերից հետո նայում էին միավորներին ու չէին հավատում աչքերին. «Մենք վերջին աշխարհի չեմպիոնը ԽՍՀՄ կազմում ունեցել ենք 1983 թվականին, մի ուրիշ տպավորություն էր, սա գերազանցեց մեր բոլոր սպասելիքները»:

Հայ մարմնամազրիկների վերջին տարիներին գրանցած աննախադեպ հաջողություններից հետո էլ Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճը շարունակում է անմխիթար վիճակում մնալ։ Վերանորոգման մասին որևէ խոսակցություն չկա։

Փոխարենը քաղաքային իշխանությունները խոստանում են նոր դպրոց կառուցել «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում։ Նախագիծը կա։ Թե երբ կկառուցվի մարզադպրոցը, որքան գումար կծախսվի դրա համար, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Քաղաքապետարանից խոստացան ավելի ուշ տեղեկություններ հայտնել։

Համլետը, Մամիկոնը, գորգի վրա իրենց առաջին վարժություններն անող փոքրիկները դեռ որքան ժամանակ են ստիպված լինելու այս պայմաններում մարզվել՝ հայտնի չէ։ Ֆեդերացիայում հաջորդ բարձր նպատակը Փարիզի օլիմպիական խաղերն են 2024-ին։

XS
SM
MD
LG