Մատչելիության հղումներ

Նախընտրական բուռն քարոզարշավն ավարտվում է. վաղն ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են


Տնտեսական ցնցումների, գնաճի, աբորտների դաշնային իրավունքների չեղարկման, ժողովրդավարության ապագայի շուրջ բուռն բանավեճերով ուղեկցվող նախընտրական քարոզարշավը Միացյալ Նահանգներում ավարտվում է։ Վաղը ամերիկացիները պետք է որոշեն, թե ով կվերահսկի օրենսդիր մարմինը Ջո Բայդենի նախագահության հաջորդ երկու տարվա ընթացքում։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում երեքշաբթի օրը կընտրվեն Ներկայացուցիչների տան 435 անդամներն ու Սենատի մոտ մեկ երրորդը՝ 35 պատվիրակներ:

Վերջին հարցումների համաձայն՝ հանրապետականներն, ամենայն հավանականությամբ, կկարողանան մեծամասնություն ապահովել Ներկայացուցիչների տանը և կփորձեն դրան ձգտել նաև Սենատում, որտեղ երկու քաղաքական ուժերի հնարավորությունները գրեթե հավասար են:

Անցած երկու տարվա ընթացքում Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն էին կազմում դեմոկրատները, որոնք այժմ մի շարք առանցքային նահանգներում՝ մասնավորապես Ջորջիայում, Փենսիլվանիայում, Նևադայում կորցրել են առաջատար դիրքերը՝ բախվելով քաղաքական մռայլ հեռանկարի։

Եթե հանրապետականներին հաջողվի հաղթել Կոնգրեսի երկու պալատներում, ապա նախ կարող են մրցակիցների դեմ ջախջախիչ հետաքննություն սկսել, ինչպես նաև արգելափակել դեմոկրատ նախագահի օրենսդրական նախաձեռնությունները, ինչն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել երկրում կառավարման ճգնաժամի, ինչպես տեղի ունեցավ Թրամփի նախագահության օրոք։

CNN -ի կանխատեսումներով՝ այս պահին Ներկայացուցիչների պալատում հանրապետականներին ընդամենը երկու մանդատ է պակասում մեծամասնություն ապահովելու համար: Ամերիկյան լրատվամիջոցը, վկայակոչելով հարցումների արդյունքները, նշում է նաև, որ մոտ քսան տեղի հարցում կանխատեսումները գրեթե անհնարին են՝ ծայրահեղ թեժ պայքարի պատճառով։

Քաղաքական հարցումներ իրականացնող ամերիկյան առաջատար կայքերից մեկի՝ «538-ի ֆայֆթյորդիէյթի« համաձայն՝ հանրապետականների հաղթանակի հնարավորությունը Սենատում գնահատվում է 55 տոկոս, իսկ Ներկայացուցիչների պալատում 84 տոկոս:

Reuters/Ipsos-ի վերջին հարցումներից մեկն էլ դեմոկրատների օգտին չէ. ըստ այդմ՝ Սպիտակ տան ղեկավարի աշխատանքից գոհ է ամերիկացիների միայն 40 տոկոսը: Սա ամերիկյան պատմության ընթացքում վատթարագույն ցուցանիշն է միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

Ընդդիմությունը իշխող ուժին քննադատում է նախ և առաջ երկրում կանգ չառնող գնաճի համար, որը հասել է ութ տոկոսի։ Համաճարակի ընթացքում լոգիստիկ ուղիների խախտման, ապա նաև նավթի համաշխարհային շուկայում նավթի թանկացման պատճառով վեր սլացող գները զսպելու համար, ինչպես պնդում են դեմոկրատները, վարչակազմի լծակները սահմանափակ են։

Հանրապետականները, մինչդեռ, արձանագրում են՝ գնաճը տեղի է ունենում դեմոկրատների բացարձակ իշխանության օրոք, ինչպես նաև այդ իշխանություների սխալների պատճառով։

«Վատթարագույն գնաճը վերջին չորս տասնամյակի ընթացքում, և դա պատահականություն չէ»,- աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը՝ տեղի ունեցածի համար մեղադրելով նախագահ Բայդենին։

Կապույտների և կարմիրների միջև ընտրապայքարի բուռն քննարկվող թեմաներից մեկն էլ աբորտի սահմանադրական իրավունքի չեղարկումն է, որը հնարավոր է դարձել Գերագույն դատարանում հանրապետական մեծամասնության շնորհիվ։ Պահպանողական թևի աղմկահարույց որոշումը երկրով մեկ բողոքի ցույցերի տեղիք էր տվել։ Այժմ անցանկալի հղիության ընդհատման հարցը Ամերիկայում կորոշվի նահանգներից յուրաքանչյուրի օրենսդրության մակարդակով։ Սա ևս դեմոկրատների գլխավոր խոստումներից մեկն է։

Թիմակիցների քարոզարշավին միացած Սպիտակ տան ղեկավարի ելույթի առանցքային թեման, սակայն, ժողովրդավարությունն է, որը Ջո Բայդենի համոզմամբ՝ հանրապետականների պատճառով վտանգված է։ Վաղը քվեախցիկում ամերիկացի ընտրողը պետք է քվեարկի հենց ժողովրդավարության օգտին, երեկ հայտարարել է Նահանգների նախագահը։ Այս նույն կոչերով դեմոկրատ թեկնածուներին անցած օրերին միացել էին նաև դեմոկրատ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման։ Գործող փոխնախագահ Քամալա Հարիսն էլ է համոզված՝ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի:

«Մեր ժողովրդավարության վրա հարձակումները ոչ միայն մեր երկրում ապրող մարդկանց, այլ նաև ամբողջ աշխարհի վրա են ազդում»,- համոզմունք է հայտնել Հարիսը։

Դեմոկրատները ժողովրդավարության պաշտպանության կարիք են տեսել հանրապետական տասնյակ թեկնածուների հայտարարությունների ֆոնին, որոնք հետևելով Թրամփին համարում են, որ Բայդենը կեղծիքների շնորհիվ է ընտրվել։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ կրկնելով 2020 թվականի նախագահական ընտրությունների մասին Դոնալդ Թրամփի սուտ պնդումները՝ հանրապետական գործիչները սպառնալիք են ժողովրդավարության համար:

«Ժողովրդավարությունը բառացի դրվել է քվեարկության», - ասել է Բայդենը՝ շարունակելով․ «Դուք չեք կարող սիրել ձեր երկիրը միայն այն ժամանակ, երբ հաղթում եք»։

Միացյալ Նահանգների առաջնորդն այս հայտարարությունները հնչեցնում էր նույն ժամերին, երբ հակառակ ճամբարում ելույթ էր ունենում իր թերևս ամենակոշտ ընդդիմախոսը: «Դեմոկրատները ավերում են երկիրը», «Հետաքննությունների դաշնային բյուրոն, Արդարադատության նախարարությունը գործում են Սպիտակ տան ցուցումով», Փենսիլվանիայում հայտարարում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որն արդեն ակնկարկել է՝ կարող է 2024 թվականին երկրորդ անգամ ձեռնոց նետել Ջո Բայդենին:

XS
SM
MD
LG