Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը՝ ի աջակցություն Արցախի


Երկամսյա դադարից հետո ընդդիմությունն այսօր Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք էր հրավիրել, այն վերնագրելով՝ «Համազգային հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի»:

Նախորդ կիրակի էլ Ստեփանակերտում էր հանրահավաք տեղի ունեցել: Արցախի իշխանություններն ու հավաքի մասնակիցները Հայաստանի իշխանություններին պահանջ էին ներկայացել ապահովել Արցախի անվտանգությունը ու չստորագրել որևէ փաստաթուղթ, ըստ որի Արցախը կանցնի Ադրբեջանի կազմ:

Այսօր ևս նման հայտարարություններ էին հնչում: Ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կրկնեց, որ Հայաստանը պարտավոր է երաշխավորել Արցախի անվտանգությունը:

«Նախորդ կիրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը, Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ և աներկբա հայտարարեց, որ որևէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Երեկ Հայ առաքելական եկեղեցին, Գորագույն հոգևոր խորհուրդը ողջ հայությանը հորդորեց համախմբվել՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի: Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը և ասում՝ մայր Հայաստանը պատրաստ է պայքարել ինքն իրեն և իր զավակի համար: Այս հանրահավաքը հիրավի դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբն ազդարարող հանրահավաք», - հայտարարեց Սաղաթելյանը:

Այնուհետև հանրահավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին Կառավարության շենք, այնտեղ սպիտակ թղթեր վեր պարզեցն, որոնց վրա չակերտներում գրված էր՝ «Խաղաղության պայմանագիր» և չակերտներից դուրս՝ կապիտուլյացիա: Այդ թղթերը կառավարության շենքի առջև այրեցին, ասելով, որ եթե որևէ այսպիսի փաստաթուղթ ստորագրվի, ապա սա է լինելու իրենց պատասխանը:

«Մենք այստեղ կապիտուլյացիայի խորհրդանիշ, Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետի նստավայրի առաջ այրեցինք կապիտուլյացիան խորհրդանշող սպիտակ թղթերը, որով փորձում են հանձնվող դարձնել մեր ազգին», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Դրանից հետո ակցիայի մասնակիցները երթով կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հայտարարություն ընդունեցին՝ կրկնելով, որ իշխանությունները ժողովրդի ճակատագրական նշանակության հարցեր են բանակցում:

Ըստ ընդդիմության, Հայաստանի իշխանությունների գրավոր և բանավոր հայտարարությունները, խոստումներն ու համաձայնությունները իրավական ուժ չունեն և իշխանափոխությունից հետո դիտվելու են առոչինչ: «Մեր համոզմամբ՝ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով», - ասված է հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG