Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում բացվեց Օհան Դուրյանի հուշարձանը


Սեպտեմբերի 8-ին լրացավ մեծանուն երաժիշտ, աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը նշանավորվեց Օհան Դուրյանի հիշատակին նվիրված մի շարք իրադարձություններով։

Եվ ահա այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից Ազատության հրապարակում բացվեց նաև Մաեստրոյի հուշարձանը, որի հեղինակն է անվանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը։

Օհան Դուրյանի հուշարձանի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետը ՝ տիկնոջ հետ, ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, արվեստագետներ և այլք։

Արձանի բացման արարողությունը կատարեցին հոբելյանական հանձնաժողովի անդամ, Օհան Դուրյանիամենամտերիմ բարեկամ անվանի բժիշկ Վահան Վարդապետյանն ու Օհան Դուրյանի այրին՝ տիկին Ալիս Դուրյանը։ Երկնուղեշ սյուներին վերհառնած Մաեստրոյի կիսանդրին իրոք խիստ տպավորիչ է, մարմնավորում է Մաեստրոյի ողջ էությունը։

«Դուրյանին շատ եմ սիրում, փոքր ժամանակից էլ սիրել եմ։ Եվ ուրախ եմ, որ պատվիրվեց ինձ, Պանթեոնում էլ եմ իրա քանդակը արել։ Գլխով ու ձեռներով աշխատել եմ դիրիժորի, ստեղծագործողի, մաեստրոյի մեծ երգի, երաժշտության գործը առաջ ա գնացել։ Արված ա բրոնզից, ապակուց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գետիկ Բաղդասարյանը։

Հարցին, թե ինչ էր իր համար կարևոր Դուրյանի կերպարը ստեղծելիս, նա պատասխանեց. - «Ստեղծագործողը, մաեստրոն՝ ազնվագույն, հզոր, լավ մարդը։ Չեմ տեսել, ցավոք սրտի, բայց իրան շատ սիրում եմ։ Ու էդ սերը արտահայտել եմ գործում։ Կտեսնեք և կհամոզվեք»։

Օհան Դուրյանի հուշարձանի բացման հանդիսությունից առաջ դիմելով ներկաներին՝ Վահան Վարդապետյանը ասաց, թե ինչու է հատկապես այս վայրն ընտրվել հուշարձանի տեղադրման համար. - «Որ գտնվում է այսքան մոտ իր պաշտելի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմի մոտ։ Դուք նաև կնկատեք, որ իր անվան գրառումը ընտրել ենք Հովհաննես Թումանյանի ձեռագիր տառատեսակներով։ Օհան Դուրյանը շարունակելու է գերել և ոգեշնչել իր արվեստով անցորդներին և նրբաճաշակ հյուրերին։ 2018 թվականին «թավշյա հեղափոխությունից» հետո ամեն անգամ անցնելով այս տարածքով, ես մտորել ու երազել եմ, որ պետք է Օհան Դուրյանին վերադարձնել այս վայրում՝ ձեռամբ և հոգով Գետիկ Բաղդասարյանի։ Մենք դիմեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետին, և Մաեստրոն վերադարձավ Ազատության հրապարակ։ Մեր քանդակագործին՝ վարպետ Գետիկ Բաղդասարյանին իրավամբ հաջողվել է կերտել Վարպետաց վարպետին՝ Օհան Դուրյանին»։

«Իսկապես հոյակապ տեղ, հոյակապ կոմպոզիցիա է ստացվել, և ես դրա համար շնորհակալ եմ», - ասաց վարչապետ Փաշինյանը։

Իր խոսքում նա անդրադարձավ նաև մինչ հուշարձանի տեղադրումը բարձրացած աղմուկին, շրջանառվող խոսակցություններին, որոնց կապակցությամբ խնդրել է իրեն քանդակի լուսանկարն ուղարկել. - «Եվ երբ ես էդ լուսանկարը տեսա, ես ցնցվեցի։ Անկեղծ եմ ասում։ Որովհետև ինձ համար Օհան Դուրյանը հենց էսպիսին էր։ Այլ արձան Օհան Դուրյանը եթե ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ։ Եվ ես շնորհավորում եմ նաև էս մտահղացման հեղինակին, շնորհավորում եմ, շնորհակալությում եմ հայտնում մտահղացումը իրականացնողին։ Եվ Օհան Դուրյանի կերպարի մասին խոսվեց, և ես ուզում եմ ավարտել հետևյալ ընդգծումով՝ ծնվել է Երուսաղեմում, դեգերել է ամբողջ աշխարհով և հանգչում է հայրենիքում։ Բայց ապրել է հայրենիքում։ Սովորաբար ուխտագնացություն ասելով հասկանում ենք Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ Օհան Դուրյանի կյանքը և ճանապարհը Երուսաղեմից ուխտագնացությունը դեպի ինքնիշխան պետություն, ինքնիշխան հայրենիք։ Էն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ էդ երազանքի շարունակությունն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG