Մատչելիության հղումներ

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով սպասվող հանդիպումը փաստում է ԱՄՆ-ի աննախադեպ ներգրավվածությունը գործընթացում․ փորձագետ


Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում Նյու Յորքում, 19-ը սեպտեմբերի, 2022թ․

Վաշինգտոնում առաջիկա օրերին սպասվող Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը ևս մեկ անգամ փաստում է Միացյալ Նահանգների աննախադեպ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական գործընթացում, կարծում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Պաշտոնական Վաշինգտոնն օրերս էր հաստատել՝ կշարունակի ներգրավված մնալ Հայաստան-Ադրբեջան գործընթացում։ Որ երկու երկների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պետք է հանդիպեն ԱՄՆ-ում, երեկ խորհրդարանում Արարատ Միրզոյանը հայտնեց։

«Ըստ էության, միջնորդի պարտականությունները, որոնք որ Ռուսաստանը փորձում էր ստանձնել միաձայն կամ միայնակ, Ռուսաստանը չի կարողանում անել, և այս առումով ծայրահեղ անհրաժեշտություն է որպեսզի կոնֆլիկտին ներգրավվեն այլ ուժային կենտրոններ, որոնք որ կկարողանան ստանձնել միջնորդի դերը, միջնորդի առաքելությունը։ Բրյուսելյան ֆորմատը ցույց տվեց, որ այն ի վիճակի չէ դա անելու միայնակ և հենց այդ պատճառով էլ մենք տեսնում են Միացյալ Նահանգների աննախադեպ ակտիվացումն այս հարցի շուրջ», - ասաց փորձագետը։

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հենց Միրզոյանն ու Բայրամովն են բանակցում, թե կոնկրետ առաջիկա հանդիպման օրակարգում ինչ սկզբունքների շուրջ են ընթանալու բանակցությունները, կողմերը չեն հայտնում։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետը ենթադրում է՝ Երևանին հնարավորություն է տրվելու ներկայացնել հակամարտության լուծման սեփական կետերը։

Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ մերժում է հայկական կողմի առաջարկները, նոր տարրեր ներկայացնելով, որոնք սակայն, չեն հրապարակվել։

«Ըստ ամենայնի, առաջիկա հանդիպմանը Միացյալ Նահանգներում տեղի կունենա հայկական կողմի կետերի ներկայացումը և այդ ներկայացմանը պետք է հաջորդի, ըստ տրամաբանության, աշխատանքը՝ փորձելու ինկորպորացնել մեկ փաստաթղթի մեջ երկու կողմերի առաջարկությունները», - ասաց Քոչինյանը։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ Միրոզյանն ու Բայրամովը սեպտեմբերի վերջին՝ սահմանային արյունալի բախումներից մեկ շաբաթ անց էին հանդիպել, դրան էլ հաջորդել էին Ժնևում, ապա ռուսական միջնորդությամբ Աստանայում կայացած հանդիպումները։

Առաջնորդների Սոչիի բանակցությունները ձախողված, իսկ գործընթացում Ռուսաստանի դերակատարությունն անարդյունավետ համարող Քոչինյանը համոզված է՝ Միացյալ Նահանգները կարող է բեկում մտցնել այս գործընթացում, բայց հարց է՝ արդյոք պաշտոնական Վաշինգտոնն այդ աստիճան շահագրգռված է։

«Այն, որ Միացյալ Նահանգներն ի վիճակի է ամբողջությամբ դա անելու, ինձ համար դա ակնհայտ է։ Այստեղ հարցը միայն նրանում է՝ արդյոք Միացյալ Նահանգներում դա համարում են բավականաչափ կարևոր գործողություն դրանով զբաղվելու համար։ Էս առումով որոշակի լավատեսություն ունեմ այն պարզ պատճառով, որ անցնող ամիսների ակտիվությունը Միացյալ Նահանգների խոսում է նրա մասին, որ կարևորության զգացումը և գիտակցումը կա», - ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG