Բազմաբնակարան շենքի նկուղը, որ պատերազմի դեպքում թաքստոց է դառնալու, փակ էր, իսկ բանալի՞ն. «Բանալին ճիշտն ասած հիմա տղայիս մոտ է, ինքն էլ հիմա գործի է։ Առաջին հարկինը մեկ էլ ունի, ինքն էլ տանը չի, սմենի է, աշխատանքի է Վանիկ ձյաձը»։
Իրավիճակը նույնն է Երևանի շենքերի մեծ մասում։ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկն է. այստեղ նկուղ մտնում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ օրինակ ջրի խողովակն է վնասվում։
«Հիմա մտնես չես էլ կարա ինչ-որ բան նկարահանես խոզանոց է: Մենք միշտ մեր ուժերով մաքրում ենք, դուռը մենք ենք դրել, աստիճանները մենք ենք սարքել», - ասաց բնակիչներից մեկը:
Կեղտոտ, կողպված, որոշ տեղերում խանութների վերածված նկուղները ինչպես ամիսներ առաջ էին, այդպես էլ հիմա են։ Բան չի փոխվել՝ ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով, շեշտում են բնակիչները։ Չեն պատկերացնում՝ ինչպես են հենց այդ նույն նկուղները որպես ապաստարան ծառայելու։
«Սաղ զանիթ են արել, սաղ սեփականաշնորհել են, ժաժ գալու տեղ չկա, մուսրն էլ թափած, ո՞վ է տերը», - նշեց մեկ այլ բնակիչ:
«Ազատությունը» ավելի քան կես տարի առաջ էր շրջել մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում, մեր այցելած բազմաբնակարան շենքերի նկուղներում էլ իրավիճակ չէր փոխվել, դեռ ավելին՝ կենցաղային աղբի նոր շերտեր են ավելացել ու գարշահոտություն։
«Բոլոր նկուղներն էլ կարելի է ասել, էս թաղամասի զիբիլանոց է, կներեք, տակի պադվալները լրիվ փակ են, տեղ չկա», - ընդգծեց քաղաքացիներից մեկը:
Շենքերի նկուղների մաքրմամբ տևական ժամանակ Երևանի քաղաքապետարանն է զբաղվում, իսկ թաքստոցների, ապաստարանների վիճակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է ուսումնասիրում։
«Պրոցեսն անընդհատ պրոցես է, այսինքն՝ այսօր եթե հասել ենք ինչ-որ մի մակարդակի, դրանով պետք չէ սահմանափակվել, հենց դրան էլ նպատակաուղղված են մեր ուսումնասիրությունները», - նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը:
Երևանում բնակչության քանի՞ տոկոսն է ապահովված թաքստոցներով, ապաստարաններով, որևէ գերատեսչությունից հարցին պատասխան չեն տալիս, բայց ոչ թե պատասխանը չունեն, այլ հիմնավորում են՝ օրենքի պահանջ է։
Քաղաքապետարանից էլ շեշտում են, թե անցած ամիսներին մեծ ծավալով աշխատանքներ են իրականացրել. դպրոցների, մանկապարտեզների, որոշ վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի նկուղների մաքրման աշխատանքներն ավարտել են, մյուսները դեռ շարունակվում են։ Ինչո՞ւ կես տարի անց նույն Նոր Նորքի շենքերի նկուղներում աղբի մեծ կույտեր են։
«Առաջնահերթությունը տրվում է այն նկուղներին, որոնք համապատասխանում են պատսպարման ստանդարտներին, այսինքն՝ գոնե 1 մ 90 սմ բարձրություն, ազատ մուտք, հնարավորության դեպքում օդափոխություն և այլն: Առաջնահերթությունը տրվում է նման նկուղներին, դրանից հետո, իհարկե, կմաքրվեն նաև այլ տարածքներ, որոնք նույնպես կարող են օգտագործվել», - ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը:
Որ շենքերում էլ նկուղ չկա, առաջին հարկերը կարող են թաքստոց ծառայել, բայց դրանք ավելի քիչ անվտանգ են լինելու, ընդունում են քաղաքապետարանում։
Մինչ պետությունը փորձում է 44-օրյա պատերազմից հետո հրատապ դարձած խնդրին լուծումներ գտնել, ու խորհրդային ժամանակներում կառուցված շենքերում մարդկանց պատսպարվելու տարրական պայմաններ ստեղծել, որոշ քաղաքացիներ անգամ արդեն ինքնուրույն մտածել ու որոշել են՝ որտեղ կարող են պատսպարվել։
«Մենք ունենք ավտոտնակ, որը ունի նկուղային հարկ, մեր հարևաններով կարող ենք իջնել այնտեղ», - ասաց բնակիչներից մեկը:
Անցած 2 տարիներին ի՞նչ է արել պետությունը, որ բնակչությունը հնարավոր հարձակման դեպքում պատսպարվելու տարրական շանս ունենան, հարցի պատասխանը բնակիչները տևական ժամանակ է ոչ պետությունից են ստանում, ոչ էլ շրջապատում են փոփոխություններ նկատում։