Մատչելիության հղումներ

Թաքստոցների վիճակը՝ հետպատերազմական Հայաստանում


Երևանի բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ծառայեն որպես ապաստարաններ, շարունակում են մնալ անմխիթար վիճակում։

Մեկ ամիս առաջ «Ազատության» նկարահանած նկուղում ոչինչ չի փոխվել՝ աղբ, գարշահոտություն, կաթացող կոյուղաջրեր։

Բնակիչները նկուղներին անգամ մոտ չեն գնում։ «Տարին մի անգամ կանալիզացիան լցվում ա մեր պադվալը, բա էդ ո՞ւր էթում, ընդե մտնել չի ըլում», - ասում է բնակիչներից մեկը։ «Մի բան որ ըլնի, մենք պախկվելու տեղ չունենք», - հավելում է նրա հարևանը։

Մարդիկ մտահոգ են հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Հիմա անգամ ամենաանսպասելի իրավիճակն է իրական ու շատ հավանական թվում. - «Ո'չ հետևում են, ո'չ էլ գալի մաքրում են։ Վաղը մյուս օր, Աստված ոչ անի, մի բան ըլնի, չենք կարա տեղավորվենք»։

Քաղաքապետարանում բնակիչների հետ համաձայն չեն. պնդում են, թե պատերազմից հետո իրենք մեծ ծավալով մաքրման աշխատանքներ են արել, հիմա էլ շարունակում են։ Պնդում են նաև, թե աղբավայրի վերածված նկուղներում աղբ են լցնում հենց բնակիչները։

«Հենց պատերազմից հետո գրեթե ամբողջ ծավալով իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Ուրիշ խնդիր է, որ այս ժամանակահատվածում լցվել են աղբով», - ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը։

«Դժվար է ասել, բայց ունենք բավականին հավաքագրված տեղեկատվություն և' ապաստարանների, և' թաքստոցների մասին», - նշում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը։

Պետական կառույցներն ընդունում են, որ խնդիրներ կան

Ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ էլ պետական այլ գերատեսչություններից ապաստարանների, թաքստոցների վիճակի ու թվի մասին հստակ տվյալներ չեն տալիս, բայց ընդունում են՝ խնդիրներ կան։ «Այդ տեղեկատվությունը ունենք և փորձելու ենք ըստ դրա արդեն ինչ-որ քայլեր ձեռնարկելով լուծել», - ասաց Դավիթ Գրիգորյանը։

Ընդհանրական ձևակերպումներով են սահմանափակվում նաև պաշտպանական կառույցների վերահսկողությունն իրականացնող Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

«Ճիշտ է, տեղեկատվությունը գաղտնի է, բայց բնակիչների համար պատսպարումը մեծամասամբ ապահովված է։ Ես չեմ կարող տոկոս նշել», - «Ազատությանն» ասաց նախարարության ներկայացուցիչ Յուրի Գրեյանը։

Մինչդեռ որոշ շենքերում նկուղները տարիներ շարունակ կողպված են։ Այս մեկում, օրինակ, չգիտեն, անգամ, թե բանալին ում մոտ է. - «Հարևաններից ա, բայց ում մոտ ա, չեմ իմանում»։

Երևանում շենքեր կան, որ ընդհանարապես նկուղային հարկեր չունեն, ու այսպիսի բազմաբնակարան շենքերը, օրինակ, Աջափնյակում մեկ տասնյակից ավելի են. վտանգի դեպքում քաղաքացիները չգիտեն, թե որտե՞ղ են թաքնվելու։

Հայաստանում անգամ հստակ նորմեր չկային, թե ինչ ասել է ապաստարան, թաքստոց, հակաճառագայթային թաքստոց։ Նման կառույցների կառուցման չափորոշիչները վերջերս են ընդունվել։ Մինչև այդ կառուցապատողներն իրենք էին որոշում չափանիշները։

«Մենք պարտադրում ենք բոլոր և' բնակելի, և հասարակական շեքների նախագծման փուլից սկսած, որ էնդեղ առկա լինի առնվազն պարզագույն թաքստոց», - ասում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։

Պարզագույն թաքստոցներ են համարվում շենքերի, շինությունների նկուղային հարկերը, որոնք կարող են նվազեցնել հարվածային ալիքի ազդեցությունը և մարդկանց բեկորներից պաշտպանել։ Ապաստարանները հատուկ կառույցներ են, որոնք նախատեսված են մեծ քաղաքների՝ Երևանի, Գյումրի, Վանաձորի, Հրազդանի, Կապանի կենսագործունեությունն ապահովող և պատերազմի ժամանակ աշխատող կազմակերպությունների աշխատակիցների և ծառայողների պաշտպանության համար։ Դրանք պաշտպանում են զանգվածային ոչնչացման զենքերից, ռադիոակտիվ, քիմիական թունավոր նյութերից պաշտպանելու համար։

Հակաճառագայթային թաքստոցներն էլ Հայկական ատոմային էլեկտրակայանի 30 կիլոմետրանոց գոտում բնակվող բնակչության համար են։ Թե արդյոք նման կառույցներով ապահոված են ատոմակայանին մոտ գտնվող բնակիչները, պետական գերատեսչություններն այս հարցն էլ են անպատասխան թողնում։

Ադրբեջանի սահմանամերձ համայնքներում էլ, որտեղ կրակոցներն արդեն սովորական են դարձել, վտանգ էլ շատ մոտ է, արդյո՞ք բնակիչները ապահովված են պաշտպանից կառույցներով, նույն պարզագույն թաքստոցներով։ Հարցի պատասխանը Նախիջևանին սահմանակից Արարատի մարզպետարանից չեն տրամադրում՝ օրենքին հղում անելով, թե պետական գաղտնիք է։ Սահմանամերձ Երասխում դեռևս ամիսներ առաջ, երբ գյուղում իրավիճակը լարված էր, մարդիկ չգիտեին՝ արդյոք իրենց գյուղում կա ապաստարան, թաքստոց, որտեղ կարող են պատսպարվել հնարավոր հարձակման դեպքում։

«Ապաստարանների տեղը չգիտեմ։ Կարող ա ղեկավարությունը գիտի», - «Ազատության» ասաց տեղի բնակիչներից մեկը։

Բոլորը հասկանում են, թե ինչ կարևոր խնդիր է, բայց բոլորս անօգնականության զգացումով ենք ապրում. «Պահապան» հիմնադրամի տնօրեն

Իսկ խնդիրը միայն ապաստարանների վիճակն ու կամ լինել-չլինելը չէ, մարդիկ նաև բավարար տեղեկացված չեն, թե ինչ պետք է անեն օդային տագնապի ազդանշանի դեպքում, ասում է «Պահապան» զարգացման հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը։ - «Բոլորը հասկանում են, թե ինչ կարևոր խնդիր է, բայց բոլորս անօգնականության զգացումով ենք ապրում, որովհետև չգիտենք ոնց անենք»։

Հիմնադրամը, որը ղեկավարում է երիտասարդ կինը, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ բնակավայրերում 20 պաշտպանական շինություն է կառուցել։ Հարությունյանն ասում է, որ դեռ հայտեր են ստանում այլ սահմանամերձ համայնքներից ևս. - «Տավուշի տասնհինգ գյուղ ոնց որ կարողացել ենք ծածկել, գյուղ կա, որ երկու-երեք նման կառույց կա։ Շարունակում ենք ստանալ դիմումներ, խնդրանք, որպեսզի իրենց գյուղում էլ ապահովենք։ Եվ իհարկե՝ Հայաստանի այլ մարզերից։ Բայց հիմնադրամը դեռ իր միսիան չի սպառել Տավուշում։ Իհարկե, հնարավորության դեպքում մենք կուզենային մեր փորձառությունը օգտագործել թե' Երևանում, թե' ուրիշ մարզերում»։

Սահմանամերձ Տավուշում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ են ապաստարաններ կառուցվել։ Թե պետությունն ինչ է արել նույն Նախիջևանի հետ սահմանակից համայքներում ու հատկապես պատերազմից հետո, հայտնի չէ։ Գերատեսչությունները, այս հարցում ևս օրենքին հղում անելով, տեղեկություն չեն տրամադրում, թե պետական գաղտնիք է։

Թաքստոցների վիճակը՝ հետպատերազմական Հայաստանում
please wait

No media source currently available

0:00 0:06:54 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG