Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի պարտավորությունների զանգը հնչել է. վարչապետ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), նաև Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ ունեն անվտանգային պարտավորություններ, և ահա «այդ պարտավորությունների զանգը հնչել է»: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովում իր ելույթում:

«Երբ որ 2021 թվականի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանը խախտել է սահմանը, բնականաբար, մենք ոչ թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, այլ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված և նաև մյուս գործընկերների կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ «գիտե՞ք ինչ, կարմիր գիծը խախտվել է, և նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն»: Մեզ ասել են՝ «այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չի», - նշեց Փաշինյանը:

«Ես դրա համար եմ հարց բարձրացնում. ասել, որ ՀՀ սահմանը հայտնի չէ, թե որտեղով է անցնում, նշանակում է ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն գոյություն չունի, որովհետև կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից որևէ մեկը չունի սահման, այդ տրամաբանությամբ նշանակում է՝ չկա ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, նշանակում է՝ չկա կազմակերպություն, և սա շատ լուրջ պրոբլեմ է», - ընդգծեց Հայաստանի վարչապետը՝ շարունակելով. - «Մեր դիրքորոշումը ո՞րն է՝ կա՞ սահման, թե՞ չկա. իհարկե կա սահման: 1991 թվականին ԱՊՀ երկրները արձանագրել են, որ այդ պահին գործող սահմանները դառնում են պետական սահմաններ»:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, և այդ սահմանը Խորհրդային Միության վարչական սահմանն է, և այդ սահմանը խախտված է, և ՀԱՊԿ-ը, նաև ՌԴ-ն, որը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, ահա այդ պարտավորությունների զանգը հնչել է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ հեռավար գագաթնաժողովից՝ վարչապետը նշեց, որ թեև այն եղել է դռնփակ, բայց գործընկերների մի մասը հրապարակել են որոշ տեղեկություններ:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG