Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Չարենցի բանաստեղծությունների երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) ժողովածուն


ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ծիածանը» և․․․» խորագրով երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) բանաստեղծական ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Ֆրանսիայի դեսպանատանը։

Գիրքը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին և մահվան 85-ամյա տարելիցին։

«Մենք շատ ուրախ ենք, որ աջակցել ենք Չարենցի անվան թանգարանին թարգմանել և խմբագրել գիրքը, և առաջին անգամ հայերենից ֆրանսերեն։ Ֆրանսիայի դեսպանատան համար շատ կարևոր է տալ ֆրանսիական և ֆրանկոֆոնիական հանրությանը հնարավորություն ավելի լավ ճանաչել Չարենցի գործը և բանաստեղծությունները», - ասաց Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն։

Ժողովածուն ընդգրկում է չարենցյան 74 բանաստեղծություն հայերեն և ֆրանսերեն լեզուներով։ Գիրքը խորագրված է «Ծիածանը» և․․․», քանի որ գրքում տեղ են գտել ոչ միայն Չարենցի «Ծիածանը» շարքը, այլև բանաստեղծություններ նրա հանրահայտ այլ շարքերից։

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն ասաց. - «Այսօր մենք ներկայանում ենք մեր թիմով՝ Չարենցի տուն-թանգարանի աշխատակազմով, ովքեր նախաձեռնել են այս գրքի հրատարակումը։ Այդ նախաձեռնությունը ծնվեց դեռևս նախորդ տարի պարոն Նարժոլեի և Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների այցից թանգարան։ Հաշվի առնելով, որ թանգարանի ռազմավարական ուղղություններից մեկն է առհասարակ իր գործունեության, Չարենց կերպարը, Չարենց անհատը միջազգայնացնելը, և այդ նպատակի իրականացման ճանապարհին է նաև թարգմանությունները իր գրական ժառանգության։ Ի ուրախություն մեզ, Ֆրանսիայի դեսպանությունը աջակցեց մեզ, և այսօր արդեն սեղանին դրված է երկլեզու՝ հայերեն, ֆրանսերեն գիրք»։

ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով. - «Դեռևս 2021 թվականին հոբելյանական տարվան ընդառաջ հանձնաժողովի կողմից առանցքային նշանակություն տրվեց հենց թարգմանական ծրագրերի իրականացմանը, և ուրախ եմ, որ հոբելյանական տարվա ավարտին այսօր մեր ձեռքին է ֆրանսերեն-հայերեն «Ծիածան» գիրքը, որը թվով արդեն հինգերորդն է 2022 թվականին հոբելյանական թարգմանական ծրագրերի շրջանակում։ Ընդհանրապես Չարենցը և իր ստեղծագործությունը 20-րդ դարի հայ գրականության ներկապնակի ամենախիտ և հիմնային գույներից է, և նմանօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են հայ գրական ժառանգությունը աշխարհին ներկայացնելու, Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու տեսանկյունից։ Ավելի քան երեսուն լեզուներով թարգմանված չարենցյան ստեղծագործությունը նորովի բացահայտման բազմաթիվ շերտեր ունի, և վստահ ենք, որ այս գիրքը իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հասարակության հատկապես ֆրանկոֆոն մշակույթի դաշտում»։

Ֆրանսերեն թարգմանությունների հեղինակն է անվանի թարգմանիչ Արամ Բարլեզիզյանը։ Այս գիրքը թարգմանչի կյանքի վերջին ամիսների աշխատանքն է, որ նա արել է ամենայն մանրակրկտությամբ և սիրով։ Ինչպես ընդգծում էր այսօր Չարենցի թոռնուհին, բանաստեղծի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը. - «Նա գալիս էր թղթերի տրցակը միշտ թևատակին, և այնքան շատ նշումներ ուներ, շատ մանրակրկիտ... Եվ դա ինձ հիշեցրեց, այն տպավորությունն ունեցա, որ ես պապիկիս եմ կարծես տեսնում։ Որովհետև նա էլ, երբ որ աշխատում էր Պետհրատում, շատ բծախնդիր էր։ Գրքեր էր հրատարակում և ամեն ինչ պետք է ինքը աներ, որովհետև ուզում էր, որ լինի անթերի, կատարյալ։ Եվ հենց էդ նույն աշխատելաոճն էր, որ ինձ հիշեցրեց։ Մեծ աշխատանք արեց, բացառիկ թարգմանիչ էր նա։ Իսկ Չարենցը միշտ մեծ կապեր է ունեցել ֆրանսիացիների հետ, և շատ սիրում էր ֆրանսիական պոեզիան, իր բանաստեղծություններին, պոեմներին ֆրանսիացիներից շատ բնաբաններ էր միշտ դնում։ Իհարկե, շատ թարգմանություններ է արել տարբեր ֆրանսիացիներից։ Եվ չմոռանանք, որ նա 1925 թվականին Փարիզում էր, և էնտեղ գրեց «Կոմունարների պատը Փարիզում» պոեմը, այցելեց Պիեռ Լաշեզ և իհարկե Լուվր։ Շատ-շատ սիրում էր ֆրանսիացի իմպրեսիոնիստներին, ասում են՝ ժամերով կարող էր կանգնել, մեկնաբանել...»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG