Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կստուգի Ուկրաինայում գտնվող երկու միջուկային օբյեկտները


Վլադիմիր Զելենսկին Կիևում ողջունում է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսիին

Ռուսաստանի կողմից «կեղտոտ ռումբ» ստեղծելու մեղադրանքներից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կստուգի Ուկրաինայում գտնվող երկու միջուկային օբյեկտները։

Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին միաժամանակ ընդգծում է, որ մեկ ամիս առաջ արդեն այցելել են այդ օբյեկտներից մեկը, և այնտեղ չհայտարարված ոչինչ չեն հայտնաբերել։ Երեկ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էր խնդրել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին՝ շտապ փորձագետներ ուղարկել։

Ու մինչ Կիևը կտրականապես հերքում է այս մեղադրանքները, Մոսկվան նախաձեռնել է «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման սպառնալիքը քննարկել այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդում է, թե կեղտոտ ռումբի մասին տեղեկությունը հավաստի է․ - «Մենք կոնկրետ տեղեկատվություն ունենք Ուկրաինայի գիտական ինստիտուտների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս «կեղտոտ ռումբ» պատրաստել: Դա անհիմն կասկած չէ, մենք լուրջ հիմքեր ունենք ենթադրելու, որ նման բաներ կարող են պլանավորվել»։

Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր պնդել, թե Ուկրաինան իբր պատրաստվում է իր իսկ երկրում «կեղտոտ ռումբ» պայթեցնել՝ Ռուսաստանին միջուկային զենք օգտագործելու մեջ մեղադրելու համար։ Այս մեղադրանքը Սերգեյ Շոյգուն հնչեցրել էր ՆԱՏՕ-ի չորս երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարություններ հետ հեռախոսազրույցներում։ Երեկ էլ ռուսական կողմը հայտարարեց, թե «Ուկրաինայի երկու կազմակերպություններ «կեղտոտ ռումբ» ստեղծելու կոնկրետ հանձնարարականներ ունեն և այդ աշխատանքները «վերջնական փուլում են»։

Ռուսական կողմի մեղադրանքները հերքում են նաև Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան՝ կարծիք հայտնելով, որ Կրեմլը պատրվակ է փնտրում նոր էսկալացիայի համար:

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, թե ամենայն հավանականությամբ ռուսներն իրենք են ուզում նման քայլի դիմել․ - «Մենք մերժում ենք այն կեղծ պնդումը, թե ուկրաինացիները պլանավորում են օգտագործել «կեղտոտ ռումբ»: Մենք նախկինում տեսել ենք, որ ռուսները երբեմն մեղադրում էին ուրիշներին այն բաների համար, ինչ նրանք էին ծրագրում անել»:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը էլ հավելել է, թե Վաշինգգտոնը նախազգուշացրել է Մոսկվային Ուկրաինայում «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառելու համար անխուսափելի ծանր հետևանքների մասին:

Մինչ այդ Բեռլինում անցնող հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը նվիրված համաժողովում Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է ամեն ամիս Ուկրաինային 1,5 միլիարդ եվրո հատկացնել։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ Ուկրաինան արագ վերականգնման կարիք ունի, իսկ Ռուսաստանը միտումնավոր ռմբակոծում է ենթակառուցվածքները՝ ձմռան շեմին ուկաինացիներին զրկելով ջրից, էլեկտրականությունից և ջերմությունից. - «Սա պարզ ահաբեկչություն է։ Ռուսաստանը փորձում է կաթվածահար անել Ուկրաինան, բայց մենք դա թույլ չենք տա»։

Եվրամիության առաջնորդները հայատարարել են նաև հետպատերազմյան Ուկրաինան վերակառուցելու ծրագրի մասին՝ անվանելով այն «21-րդ դարի Մարշալի պլան», որի շրջանակներում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգները վերակառուցել էր պատերազմի ընթացքում ավերված եվրոպական երկրները։

Գերմանիա կանցլեր Օլաֆ Շոլցը նախաձեռնությունն անվանել է սերունդների գործ, որը սկսվում է այսօր. - «Այսպիսով սա ոչ պակաս, քան 21-րդ դարի նոր Մարշալի պլանի ստեղծում է: Սերունդների խնդիր, որը պետք է սկսվի հիմա: Ուկրաինայի վերականգնումը, վերակառուցումը և արդիականացումը իսկապես մարտահրավեր են լինելու սերունդների համար, ինչը կպահանջի ողջ միջազգային հանրության միասնականությունը»։

Թեև եվրոպացի առաջնորդները արդեն խոսում են հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնման մասին, ռազմական գործողույթունները և ուկրաինական բնակավայրերի ռմբակոծությունները շարունակվում են։

Ռազմի դաշտում իրավիճակը նույնն է՝ ռուսները փորձում են գրավել Բախմուտ քաղաքը Դոնեցկի մարզում՝ դեռ առանց որոշակի հաջողությունների, ուկրաինացիներն էլ շարունակում են հակահարձակումը Խերսոնի մարզում։

XS
SM
MD
LG