Մատչելիության հղումներ

Մակրոնը հուսով է, որ Բրիտանիան արագ կհաղթահարի Թրասի հրաժարականով պայմանավորված անկայունությունը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրաս և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան արագ կհաղթահարի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի հանգամանքով առաջացած անորոշությունը:

«Մաղթում եմ Բրիտանիային հնարավորինս արագ վերականգնել կայունությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը:

Այդ մասին նա խոսել է Բրյուսելում, որտեղ գումարվել է Եվրամիության գագաթնաժողովը: Մակրոնն ասել է նաև, թե «անձնական մակարդակում միշտ տխրություն ես զգում, երբ գործընկերներդ հեռանում են աշխատանքից»:

Թրասն ընդամենը 45 օր է զբաղեցրել վարչապետի պաշտոնը, ինչը յուրօրինակ «ռեկորդ» է Բրիտանիայի պատմության ընթացքում:

Պահպանողականների հաջորդ լիդերի անունը հայտնի կդառնա մինչև հաջորդ ուրբաթ օրը: Կուսակիցների աջակցությունը վաստակած գործիչն էլ կառաջադրվի վարչապետ:

Հավանական թեկնածուների թվում են ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, պահպանողական գործիչ Փեննի Մորդոնթը, նախկինում մի շարք նախարարական պաշտոններ զբաղեցրած Ջերեմի Հանթը, ինչպես նաև նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը: Մինչ այդ Լիզ Թրասը կշարունակի կատարել վարչապետի լիազորությունները:

Թրասից առաջ ամենակարճ ժամկետը պաշտոնավարած վարչապետը համարվել է Ջորջ Քանինգը, ով 1827 թվականին 119 օր է ղեկավարել կառավարությունը և մահացել է թոքախտից:

Վարչապետի պաշտոնում ամենաերկար ժամկետի ռեկորդը սահմանել է Ռոբերտ Ուոլփոլը, ով համարվում է թագավորության առաջին վարչապետը:

Նա պաշտոնը ստաձնել է 1721 թվականի ապրիլի 4-ին և աշխատել է մինչև 1742 թվականի փետրվարի 11-ը՝ ընդհանուր հաշվով 20 տարի և 314 օր:

XS
SM
MD
LG