Մատչելիության հղումներ

Քննարկվում է նաև ԵԱՀԿ-ի դիտորդներին Հայաստանում տեղակայելու հարցը. Միրզոյան


Եվրամիության դիտորդներից բացի Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով կարող են նաև ԵԱՀԿ-ի դիտորդներ տեղակայվել. հարցը քննարկվում է, այսօր նորվեգացի գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Այլ փակագծեր արտգործնախարարը չբացեց։

«Քննարկվում է նաև մեր սահմանագծին, Հայաստանի Հանրապետության տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում մենք այս մասով ևս հստակություն կունենանք», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Միրզոյանը:

Դիտորդներ ուղարկելու քննարկումները շարունակվում են նաև ՀԱՊԿ-ի հետ։ Անցյալ շաբաթ Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էր Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ասել, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, ինչի համար, ըստ Լավրովի, անհրաժեշտ էր միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, որտեղ այժմ Հայաստանն է նախագահում։ Միրզոյանը արձագանքել էր, որ Հայաստանը որպես համանախագահող փորձել է պայմանավորվել Խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցով, սակայն դա դեռ չէր հաջողվել` դաշնակիցների «խիստ ծանրաբեռնվածության պատճառով»:

Այս հայտարարությունից գրեթե մեկ շաբաթ` այսօր Միրզոյանը հայտնեց, որ Երևանը դեռևս չի կարողացել համաձայնեցնել խորհրդի նիստի անցկացման օրն ու ժամը։

«Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ մինչ այս պահը, գոնե, երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի, այսինքն՝ բարձրագույն մարմնի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ նոր դիտորդական առաքելության գործուղումը: Այս փուլում ենք մենք այժմ, որոշում չկա, քննարկումներ կան», - ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Երևանի համար չափազանց կարևոր է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերները քաղաքական գնահատական տան ստեղծված իրավիճակին, ասաց Միրզոյանը։ Մինչ այժմ ռազմավարական դաշինքի անդամներն Ադրբեջանի գործողությունները հստակ չեն դատապարտել, և հայտարարել են միայն, թե տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։

«Մեզ նախ և առաջ պետք է հասկանալ, որքանով է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որը կա, այն է` ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք», - ասաց նա:

Հայաստանի ԱԳՆ նախարարն այսօր որոշ մանրամասներ հայտնեց նաև Եվրամիության դիտորդական առաքելության մասին, որի համաձայնությունը ձեռք էր բերվել ամսվա սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Երևանն այդ առաքելությունից ակնկալում է նախ փաստահավաք աշխատանք՝ ցույց տալու, որ հենց ադրբեջանական զինված ուժերն են ներխուժել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։

«Բայց նաև, իհարկե, պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր հարձակումների, նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն և ավելի լայն իմաստով կայուն խաղաղության հաստատումը: Ես հույս ունեմ, որ Եվրամիությունից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա այդ գործում», - նշեց Արարատ Միրզոյանը:

Միրզոյանն այսօր նաև արձագանքեց Թուրքիայի արտգործնախարարի երեկվա հայտարարություններին։ Չավուշօղլուն Ստամբուլում ասել էր, թե Հայաստանը դեռ ստանձնած պարտավորություններ ունի կատարելու՝ այդ շարքում հիշատակելով նաև «Զանգեզուրի միջանցքը»։ «Ադրբեջանը հայտարարում է, որ Լաչինն ու Զանգեզուրը պետք է նույն կարգավիճակն ունենան», - ասել էր Չավուշօղլուն։

«Մեծ չափազանցություն կա։ Ադրբեջանը, պետք է տեղեկացնեմ, այդպիսի բան չի ասում, և այդպիսի բան ասողները, վստահաբար, իրավացիորեն չեն կարող դա ասել։ Ես չեմ թաքցնի, բանակցություններում Ադրբեջանը կամ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։ Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա երևի լավ կլինի` իր անունից ասի», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Այնուամենայնիվ, ավելի վաղ Բրյուսելում Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն Հայաստանից պահանջում է անարգել մուտք դեպի «Զանգեզուրի միջանցք»՝ Լաչինի նմանօրինակով»։ Հայկական կողմն էլ հակադարձել էր, նույն՝ հոկտեմբերի սկզբին հնչեցված փաստարկները այսօր բերեց Միրզոյանը. «Կարգավորումները տրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հետագայում նաև բացվել են 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ»։

Չավուշօղլուն երեկ նաև ասել էր, թե հայ-թուրքական երկխոսության շրջանակում պատրաստ է հանդիպել Միրզոյանի հետ ու խնդիր չկա։ Միրզոյանն իր հերթին ասաց, որ դեմ չէ որևէ հանդիպման, որը կարող է նպաստել երկխոսությանը, սակայն, նրա կարծիքով, անկեղծության պակաս կա Թուրքիայի կողմից. «Այլ բան, ես կարծում եմ, որ այս հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ։ Ես կրկնում, եմ պատրաստ եմ այդպիսի հանդիպման։ Հուսամ, այդպիսի հանդիպումը, ի վերջո, շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»

Երևանը շարունակելու է բանակցությունները նաև Բաքվի հետ, սակայն արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը զրույցներին զուգահեռ դրսևորում է առավելապաշտական պահվածք՝ փորձելով ուժի գործադրումով ազդել բանակցությունների վրա:։

XS
SM
MD
LG