Մատչելիության հղումներ

Ջամիլա Աֆղանին՝ 2022-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր


Ջամիլա Աֆղանի, լուսանկարը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության
Ջամիլա Աֆղանի, լուսանկարը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին, հաղորդում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնույթ, անցկացվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։

Մինչև 2021 թվականի օգոստոսը «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպությունն ուներ ավելի քան 100 հազար կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում: Եվ սա՝ շնորհիվ բազմաթիվ համայնքներում ստեղծված փոքր կենտրոնների, որոնք ղեկավարում էին հենց կանայք: Կազմակերպությունը նաև իրավաբանական օգնություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10 հազար կնոջ, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից:

«Ստիպված լինելով փախչել Աֆղանստանից՝ Ջամիլան շարունակում է օգնել մյուսներին՝ անկախ հեռավորությունից: Երբ թալիբները զավթեցին իշխանությունը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարվել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպությունը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց և խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթության անհասանելիության, ընտանեկան բռնության և այլ ժամանակակից խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ այն ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին և փաստաբաններին», - ասված է հաղորդագրությունում:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար պարգև և հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

Որպես 2022-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգային և «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպությանը:

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորա»-ի ամբողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի:



«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահը 2017-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան է:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG