Մատչելիության հղումներ

2022-ին ևս «Ավրորա» մրցանակը կշնորհվի Վենետիկում՝ հոկտեմբերին


Իտալիա - Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, արխիվ

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումներն այս տարի նույնպես, ինչպես և 2021 թվականին, տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում՝ հոկտեմբերի 14–16-ը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաղորդագրության համաձայն, «մեկ վայրում կհամախմբվեն մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարները՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին և զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ավրորա» մրցանակը ձգտում են լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգև՝ նրան ընձեռելով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են այլոց: Բացահայտելով և աջակցելով աշխարհում անհայտ հերոսներին՝ «Ավրորա»-ն զգալի ազդեցություն է ունեցել՝ արդեն բարեփոխելով կարիքի մեջ գտնվող ավելի քան 2,7 միլիոն մարդու կյանք», - նշված է հաղորդագրությունում:

Հատուկ միջոցառումները կեզրափակվեն 2022-ի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ, որը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում` աշխարհում հայ մշակույթի ամենանշանավոր կենտրոններից մեկում: «Այս տարի «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց և աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում և պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում: Արարողության ընթացքում 2022թ. «Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2022թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ըստ իր ցուցաբերած խիզախության, նվիրվածության և ունեցած ազդեցության», - ասված է հաղորդագրությունում:

Իսկ այժմ արդեն կարելի է առաջադրել թեկնածուների 2023 թվականի «Ավրորա» մրցանակի համար, հայտարարում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

XS
SM
MD
LG