Մատչելիության հղումներ

Դեղերի պակաս ու անհասանելիություն, սխալ դիագնոզ. դժգոհություններ պոլիկլինիկաներից


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Ի՞նչ աստիճանի հիվանդ պիտի լինեմ, որ հաշմանդամության կարգ տան ինձ»

Գերմանիայում սրտի չորս վիրահատություններից հետո Երևան տեղափոխված 70-ամյա Քաջազնուն Պետրոսյանն առողջական վիճակը պահպանելու համար անհրաժեշտ դեղեր չի կարողանում ստանալ պոլիկլինիկայից։

«Պետպատվերի գումարը վերջացել է, մենք չենք կարող քեզ ապահովել դեղերով: Մոտավորապես 10 տեսակի դեղեր եմ օգտագործում, բայց իրենք ինձ միայն տրամադրել են խոլեստերինի դեղ, և այն էլ մի 3-4 ամիս», - ասում է նա:

Բժիշկները Պետրոսյանին բացատրել են, որ հաշմանդամության կարգ չունի, և մինչև այս էլ ստացած դեղերը բարի կամքի դրսևորում էին։ Տարեց տղամարդու պատմելով՝ ասել են` ավելցուկ է եղել, տվել ենք. «Հետո ասացին` մինչև տարեվերջ հնարավոր է լինի, տարեվերջն էլ սպասեցի, չեղա, ասին տարվա սկզբին, տարվա սկզբին էլ գնացինք, ասացին` դեղորայք չունենք մենք: Պլյուս դուք պիտի անպայման կարգ ունենաք»:

70-ամյա Պետրոսյանը 2 տարի է` դռնեդուռ է ընկել։ Դիմել է և՛ քաղաքապետարանին, և՛ Առողջապահության նախարարությանը, սակայն ապարդյուն. դեռ սպասում է որևէ ուղեգրի՝ դեղ կամ հաշմանդամության կարգ ստանալու համար. «Հիմա ասում եմ` դե հանձնաժողով ստեղծեք, տվեք, ասում է` դե տենց միանգամից չի լինում, չգիտեմ` էդ միանգամիցը որն է, երկու անգամիցը որն է»:

Սրտնեղած տղամարդը նկարահանվել չցանկացավ, չէր ուզում, որ ծանոթները տեսնեն, խղճան, կասեն՝ ինչ օրի է հասել, որ դեղի համար կռիվ է տալիս։ Բայց առողջությունը քայքայվում է, ստացած 30 հազար դրամ թոշակն էլ հերիք չէ, որ պետության հույսով չապրի. «Ի՞նչ աստիճանի հիվանդ պիտի լինեմ, որ հաշմանդամության կարգ տան ինձ», - հարցնում է նա:

Քաղաքապետարանի պաշտոնյան ընդունում է քաղաքացիների դժգոհությունը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներից դժգոհող քաղաքացիներից «Ազատությունը» հաճախ է զանգեր ստանում։ Դեղերի պակասն ու անհասանելիությունը թիվ մեկ խնդիրն է:

Կանանցից մեկին հանդիպեցինք հենց պոլիկլինիկայից դուրս գալիս՝ առանց անհրաժեշտ դեղերի. «Մեր դեղն էլ էր ավարտվել, մի շաբաթից կլինի», - ասաց նա:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Անահիտ Չարխիֆալակյանն ընդունում է քաղաքացիների դժգոհությունը։ Բացատրում է, որ դեղերի տրամադրումը գնման պրոցեսից է կախված, որը, ըստ նրա, այնքան էլ հարթ չի իրականացվում։ Հատկապես քիչ թվով մարդկանց սպասարկող պոլիկլինիկաներն են նման խնդրի բախվում։

«Այս դեպքում արդեն գնման մասնակիցը նայում է, որ այնտեղ և՛ ֆինանսապես է քիչ, և՛ փոքր խմբաքանակ է, ինքը գնմանը չի մասնակցում: Շատ ժամանակ մենք հայտը տալիս ենք, բայց մասնակից չենք ունենում, դրա համար, բնականաբար, պոլիկլինիկան ի՞նչ պիտի անի, անընդհատ պիտի անի այնքան, մինչև որ որևէ կազմակերպություն շահի և դեղը մատակարարի, այսինքն` մենք խնդիր ունենում ենք, որպեսզի աշխատենք օրինական և գրագետ, ճիշտ դաշտում, բայց քաղաքացու, հաշմանդամի, հիվանդի դեղորայքն ուշ ենք մատակարարում: Դժգոհությունը մենք ընդունում ենք, որ նմանատիպ խնդիրը կա», - նշեց Անահիտ Չարխիֆալակյանը:

Տղամարդը զրկվել է հաշմանդամության կարգից ու հիմա չի կարող անվճար վիրահատվել, ասում է դուստրը

Հաշմանդամության կարգի հետ կապված խնդիրներից էր բողոքում նաև «Ազատության» զանգահարած մի կին, որ ներկայանալ չցանկացավ։ Հայրը սրտի վիրահատություն է տարել, 6 տարի հաշմանդամության կարգ է ունեցել, անվճար դեղեր ստացել, հիմա զրկել են կարգից, հայրն էլ նոր խնդիրների առջև է կանգնել։

«Հիմա կանգնած է վիրահատության առաջ, ու ինքը չի կարող անվճար վիրահատվել, որովհետև կարգ չունի», - ասում է տղամարդու դուստրը:

Քաղաքապետարանի պաշտոնյան կիսում է նաև այս մտահոգությունը, ինքն էլ օրվա ընթացքում տարեց մարդկանցից շատ բողոքներ է ստանում, բայց միևնույն ժամանակ ընդգծում է՝ հաշմանդամության կարգ ստանալն ու դրանից զրկվելը բարդ ու երկար գործընթաց է, որը սահմանված է օրենքով, և բժիշկը այդ կանոնից շեղվել չի կարող. «Բայց ասենք քաղաքացին, երբ հիվանդանում է, պառկում է հիվանդանոց, կամ լեղապարկի վիրահատության է ենթարկվում, իրեն թվում է, որ ինքը դուրս եկավ, իրեն պիտի տրամադրվի հաշմանդամության խումբ, բայց դա այդպես չի, պետք է տվյալ վիրահատությունից հետո, տվյալ հիվանդությունից հետո օրգանիզմի ֆունկցիայի կայուն կամ տևական խանգարում լինի, որպեսզի 88 ձևը բժիշկն ի վիճակի լինի լրացնելու»:

Քաղաքապետարանից հերքում են, որ քովիդի դեմ չպատվաստված մարդիկ կարող են զրկվել բուժօգնությունից

Մտահոգիչ ևս մի խնդրի մասին բարձրաձայնեց «Ազատություն» զանգահարած կինը. սրտանոթային խնդիր ունեցող հորը ուղեգիր էլ չեն տալիս այլ բուժհաստատությունում ստուգվելու համար՝ պատճառաբանելով, թե պատվաստված չէ քովիդի դեմ. «Գնա, պատվաստվի, արի, ես քեզ ստուգեմ, դեղդ կփոխեմ: Պատվաստված չես, ուղեգիր չենք տա, որ գնաք, ուրիշ տեղ ստուգվեք»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը կտրականապես հերքում է, որ քովիդի դեմ չպատվաստված մարդիկ կարող են զրկվել բուժօգնությունից։ Այդուհանդերձ, օրեր առաջ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ևս նման հարց էր հնչել. դեպքը տեղի էր ունեցել Չարենցավանում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեյանը ուղիղ եթերում խոստացավ հետամուտ լինել խնդրին` ասելով, որ նման հրաման չկա:

Պոլիկլինիկաներից բողոքներն այսքանով չեն սահմանափակվում։ Բավական էր 5 րոպե կանգնել դրանցից մեկի մոտ, և հենց այդ պահին այնտեղից դուրս եկող քաղաքացիները հերթով խնդիրներն էին թվարկում։

«Շատ դժգոհ եմ, շատ: Սարքավորումներն են պատճառը, թե մասնագետները, լրիվ սխալ ինֆորմացիա, սխալ դիագնոզ նշանակեցին, որը հաստատվեց այլ հաստատություններում», - ասում է նրանցից մեկը: Մյուսը հավելում է. «Թղթաբանությունը շատ ավելի շատ է, միգուցե ես լուրջ խնդիր ունեմ, որ ինձ ավելի արագ է պետք գնալ սուղ մասնագետի մոտ»:

Սա առողջապահական համակարգի ընդհանուր խնդիր է, ընդգծում է քաղաքապետարանի աշխատակիցը։ «Ազատության» հետ զրույցներում հանրային առողջապահության ոլորտի մասնագետները կարծիք են հայտնում, որ առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները, վերազինել սարքավորումները, հատկապես եթե կառավարությունը մտադիր է անցնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգին։ Մի բան, որի մասին տասնյակ տարիներ խոսում են Հայաստանի տարբեր կառավարությունները։ Մասնագետների պնդմամբ, սակայն, պոլիկլինիկաների պատշաճ աշխատանքը չապահովելու դեպքում այդ համակարգը դատապարտված է ձախողման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG