Մատչելիության հղումներ

«Եվրամության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին». Տոյվո Կլաար


Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

Այսօր Երևան է ժամանել Եվրամիության դիտորդների մասնագիտական խումբը՝ նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության դիտորդների այցը Հայաստան։

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ խումբը բաղկացած է 8-10 մասնագետներից։ Նրանք Հայաստանում կմնան մինչև հաջորդ երեքշաբթի։ Այդ ընթացքում Եվրամիության մասնագետները կլինեն Հայաստանի սահմանային տարբեր շրջաններում, տեղում կծանոթանան իրավիճակին և կորոշեն, թե հետո ժամանող Եվրամության քաղաքացիական դիտորդները կոնկրետ որ վայրերում են տեղակայվելու։

Թե առաջիկայում Եվրամիության քանի դիտորդ կտեղակայվի հայ- ադրբեջանական սահմանին, առայժմ հայտնի չէ։ Պարույր Հովհաննիսյանը ասաց, թե մասնագիտական խմբի այցի արդյունքում այդ հարցը նույնպես կքննարկվի։ Ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ։

Հայաստան Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների բանակցությունների արդյունքում։ Բաքուն մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, ապա ընդունեց քաղաքացիական առաքելության տարբերակը՝ ընդգծելով, թե կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:

Այսօր էլ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Պրահայում վճռականորեն մերժել է Ադրբեջանի տարածք քաղաքացիական առաքելություն ուղարկելու Եվրամիության փորձը. - «Այդ դիտորդները Հայաստանում կմնան առնվազն երկու ամիս։ Մենք մեր համաձայնությունը տվեցինք, քանի որ այդ առաքելության նպատակն է օգնել կողմերին գծել սահմանը, հստակեցնել դելիմիտացիայի հետ կապված հարցերը։ Փորձ եղավ այդ առաքելությունը նաև Ադրբեջանի ուղարկել, որը վճռականորեն մերժեցինք։ Այդ պատճառով էլ այդ առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»։

Հայաստան ժամանած մասնագիտական խմբի այցին է անդրադարձել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. - «Եվրամության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և գետնի վրա աջակցել հայ - ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»:

Երբ հայտնի դարձավ, որ այս ամիս Հայաստան են ժամանելու Եվրամիության դիտորդները, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Լավրովը պնդել էր, թե դրա համար ընդամենը անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրի։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Այսօր անդրադառնալով այդ հարցին՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, թե Հայաստանը ցանկանում է, որ ոչ միայն Եվրամության, այլև ՀԱՊԿի-ի ու նաև այլ կառույցների դիտորդները տեղակայվեն սահմանին և արձանագրեն, թե իրականում ով է խախտում հրադադարը. - «Չեմ բացառում, ես շատ կուզենամ, որ ոչ միայն ԵՄ ներկայացուցիչները, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները տենց գան, էդ ամբո՜ղջ սահմանո՜վ կանգնեն և էդ սադրանքները, որոնք որ ադրբեջանական կողմը անում է՝ մեղադրելով մեզ, թող գան, հըլը մի հատ կանգնեն տեսնեն, թե արդյո՞ք ով ա հրահրում, արդյո՞ք ով է խախտում հրադադարը»։

Արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի այն դիտարկմանը, թե ավելի քան մեկ ամիս է առաջարկություններ ունեն Հայաստան - Ադրբեջան սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասով, և դրա համար սպասում են, որ Հայաստանը արտահերթ նիստ հրավիրի, Ալեն Սիմոնյանը հետևյալ հարցն է հնչեցնում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը լռում, երբ Հայաստան իր դաշնակցին դիմել է հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի շրջանկաններում. - «Լավ, ենթադրենք, ենթադրենք, որ էդ ասածը ինչ-որ տեղ ունի իրականության մեջ։ Բա ո՞ւր ա մեր պատասխանը հայ-ռուսական պայմանագրի համապատասխան։ Էդ էլ հո նախագահության հետ կապված խնդիր չկա՞ չէ, ով ա նախագահողը։ Մենք նաև հայ-ռուսական փոխօգնության պայմանագրով ենք դիմել մեր ռուսաստանյան գործընկերներին։ Բա դրա՞ հետ կապված ինչի լռություն է»։

Հարցին, թե պահանջե՞լ է արդյոք պարզաբանում, Սիմոնյանն արձագանքեց. - «Պահանջել եմ, խոսել եմ, և ասեմ, որ մինչև էս պահը էն կա, ինչ որ որ դուք հրապարակայնորեն լսում եք և տեսնում եք։ Եվ մենք շարունակելու ենք պահանջել։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ նորից ասել մեր հայրենակիցներին, որ մենք չենք սահմանափակվելու մեր երկրի անվտանգությունը պահպանելու հարցում միայն էս պահին եղած լծակները օգտագործելուց, որովհետև կարող է մի ժամ, էրկու ժամ տարբերությամբ շատ կտրուկ տարածաշրջանում բան փոխվել»։

Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ Եվրամիության դիտորդների առաքելության երկամսյա ժամկետը երկարացվի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG