Մատչելիության հղումներ

Նորակոչիկի մահից 13 տարի անց ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը 35 հազար եվրո վճարել ընտանիքին


Նորակոչիկի մահից 13 տարի անց Եվրոպական դատարանը վճռել է՝ Հայաստանի կառավարությունը խախտել է 22-ամյա Արեգ Մալխասյանի կյանքի իրավունքը։ Միջազգային դատարանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում ընտանիքին 35 հազար եվրո վճարել։

Զինվորի հոր փաստաբան Սեդա Սաֆարյանն էր տարիներ առաջ դիմել Եվրադատարան՝ ահազանգելով, որ հիվանդություններ ունեցող երիտասարդին զորակոչել են բանակ՝ առանց հաշվի առնելու խնդիրներն ու ընտանիքի ներկայացրած փաստաթղթերը։

Եվրոպական դատարան ուղարկված դիմումում փաստաբանը ներկայացրել է նրա հիվանդությունները։ Բուհն ավարտելուց հետո բանակ զորակոչված 22-ամյա Մալխասյանը մահացել էր սրտի կանգից։

«Պատճառաբանում են, թե սրտի խնդիր է ունեցել, դրա համար էլ էդպես վատացել է սիրտը, բայց սիրտը վատացել է, որովհետև ինքն արյունահոսել է, այսինքն, խորքային հիվանդություն է ունեցել, որը տվել է նաև երկրորդական հիվանդության առաջացման՝ ստամոքսի ճողվածք է ունեցել, ինչն իրեն թույլ չի տվել լիարժեք սնվի։ Երբ որ ինքը զինծառայության չի մեկնել, եղել է տանը, հիմնականում դիետիկ սնունդ է օգտագործել։ Ընդհանրապես անձնավորությունը չպիտի զորակոչվեր և փաստաթղթեր էին հանվել զինվորական վարույթից, զինվորական գործի մեջից և այս ամենն արվել էր նրա համար, որպեսզի Արեգ Մալխասյանին զինծառայության ուղարկեն», - ասաց Սաֆարյանը։

Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ հաշվի չառնելով առողջական լուրջ խնդիրները, ռազմական գերատեսչությունը 2009 թվականի հունիսին Արեգ Մալխասյանին պիտանի է ճանաչել ծառայության համար և զորակոչել բանակ։ 8 օր չանցած շարքային զինծառայողը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հոսպիտալ, օրեր անց Մալխասյանը մահացել է։

Հարուցված քրեական գործն այդպես էլ ավարտին չի հասել և որևէ մեկը զինվորի մահվան համար պատասխանատվության չի ենթարկվել։ Քննիչը եզրահանգել է, որ չկա որևէ պաշտոնյա, այդ թվում՝ բժիշկ, որն անփութություն թույլ տված լիներ և որի անգործության կամ գործողությունների հետևանքով էլ զինվորը մահանար։ Գործը սրանով փակվել էր։

Վերջերս Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Սեդա Սաֆարյանը ցավով է նշում՝ անցած տասնամյակներում Զինված ուժերում նման դեպքերը շատ են եղել և այժմ ժամանակն է ուղղել այդ սխալները։

Ստրասբուրգի դատարանի այս վճռից հետո Հայաստանում պետք է վերաբացվի այս գործը, կարծում է նորընտիր դատավորը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG