Մատչելիության հղումներ

Թոշակը քարտով ստացող շուրջ 400 հազար քաղաքացիներից այս ամիս ընդամենը 11,5 տոկոսն է հավելավճար ստանալու


81-ամյա Հենրիկ Գալստյանը չգիտի, որ արդեն չորրորդ ամիսն է թոշակառուները անկանխիկ՝ քարտով կատարած առևտրի դիմաց հաջորդ ամիս 10 տոկոս ավելի գումար կարող են ստանալ։

Երևանից ընդամենը 22 կմ հեռու Օհանավանում մեզ հանդիպած տարեցները դեռ հին՝ ավանդական ձևով են թոշակ ստանում՝ փոստից։

Ավելի քան 2000 բնակիչ ունեցող Օհանավանում գյուղացիների հիմնական զբաղմունքն այգեգործությունն է, բերքահավաքի այս ակտիվ սեզոնին երիտասարդները ընկույզով, խնձորով են զբաղված, տարեցներն էլ զրույցի են բռնվում նարդու սեղանի շուրջ։

Հենրիկ Գալստյանն շուրջ 42 հազար դրամ թոշակ է ստանում։ Ասում է՝ մի գրպանից մտնում է, մյուսից իսկույն գնում, ոչ մի բանի չի հերիքում։

Նրա և հայաստանցի մյուս բոլոր կենսաթոշակառուների թոշակը սեպտեմբերին շուրջ 3100 դրամով բարձրացավ։ Սա, սակայն, թանկացումների բեռը չի չեզոքացնում։ Գալստյանն ասում է՝ էլի բան է, բայց հենց հիշում է, թե ինչպես էր ապրում երիտասարդ տարիներին, արցունքները զսպել չի կարողանում։

Մայրաքաղաքի կենտրոնի արհեստանոցներից մեկում դերձակ աշխատած տղամարդը պարծենում է՝ նույնիսկ օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի համար է պիջակ կարել. - «Արտելում պիջակ էի կարում, գալիս էի տուն շալվար էի կարում։ Ապրել ենք առանց որևիցե մեկին խանգարելու։ Լավություն ենք արել, վատություն չենք արել»։

84-ամյա Լենդրուշ Ոսկանյանը միանում է համագյուղացուն՝ կօգտվեին, եթե քաղաքում ապրեին, այստեղ քարտով վճարելը հարմար չէ, խանութում անկանխիկ վճարելու հնարավորություն դեռ չկա։

Անկանխիկ գործարքները ավելացնելու, զուգահեռաբար կանխիկի շրջանառությունը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է այս տարվա հուլիսի 1-ից իրենց թոշակները անկանխիկ եղանակով ծախսող քաղաքացիներին ծախսված գումարի մինչև 10 տոկոսի չափով, բայց առավելագույնը 5000 դրամ գումարի վերադարձ՝ քեշբեք տրամադրել։

Պայմանը գործադիրի հետ համագործակցող 4 բանկերից մեկի հաճախորդ լինելն է, այնինչ թոշակառուների գրեթե կեսը այլ բանկերից են օգտվում։ Թեև օրենքը գործում է արդեն ավելի քան 3 ամիս՝ քարտով թոշակ ստացող Հայաստանի շուրջ 400 հազար քաղաքացիներից այս ամիս ընդամենը 11,5 տոկոսն է հավելավճար ստանալու։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն «Ազատությանը» սեպտեմբեր ամսվա գործարքների նախնական ամփոփ տվյալներն է փոխանցել։ Ըստ այդմ՝ նախորդ ամիս քեշբեքի իրավունք ունեցող շուրջ 400 հազար թոշակառուներից անկախնիկ գործարքներ են կատարել 46 հազարը։ Թոշակառուների շուրջ 90 տոկոսն քարտով առևտուր չի կատարում և գումարի վերադարձ չի ստանալու։

46 հազար քաղաքացիները սեպտեմբերին ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ դրամի անխանիկ գործարքներ են կատարել և շուրջ 120 միլիոն դրամ են ստանանլու, եթե միջինացնենք՝ կստացվի 2600 դրամ յուրաքանչյուրի հաշվով։

Անցնած ամիսներին գյուղական համայնքներում «Ազատության» հարցումները ցույց տվեցին՝ քաղաքացիները, որոնք անգամ տեղյակ են քեշբեքի մասին, հիմնականում չեն էլ մտածում այդ տարբերակով ծախսել գումարը, տարբեր պատճառներ են թվարկում՝ այդ թվում վճարային տերմինալների ու բանկոմատների բացակայությունը։

Շիրակի մարզի Ամասիա գյուղից Խանում Մինասյանն իր 38 հազար դրամ թոշակը քարտով է ստանում, բայց այդպես առևտուր չի անում։ Կինն ասում է՝ իրենց այդպես հարմար չէ՝, ձեռքից են հագուստ ու մթերք գնում, առանց կանխիկի հնարավոր չէ. - «Ձեռները տները կբերեն կծախեն, բազարը Լեննականի մեզ ինչ որ պետք է կառնենք։ Կամ ընպես մարդ կա, գյուղացի մարդ, տարեց կին, ընձի կխնդրե, որ էրկու հատ օճառ բերեմ խանութից, էն մարդը ի՞նչ էնե...Էդիկ լավ փող ունեցողի, քաղաքացու համար է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի քան մեկ ամիս առաջ հայտարարել էր՝ կառավարության նպատակն է, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղում ապրող թոշակառուն հնարավորություն ունենա օգտվել քեշբեքի հնարավորությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG