Մատչելիության հղումներ

Շատ մոտ է մանկամտությանը, որ հույս ունենաս ինչ-որ անձանց հայտարարություններով սանձել Ադրբեջանին կամ Թուրքիային. Տարոն Սիմոնյան


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյան

Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների գնդակահարության տեսանյութը խորապես ցնցել է մի շարք երկրների, որոնք առայժմ միայն հաղոդագրություններ և կոչեր են տարածել։

Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Թվիթերում գրել էր. - «Ցանկացած վայրագության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, սարսափած տեսանյութից, ակնկալում է, որ «վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»։

Ֆրանսիան ի լրացմն իր մտահոգությանը՝ նաև կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալներին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ տեսանյութում կա ծայրահեղ դաժանություն, այդուհանդերձ հավասարության կարգով Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին միաժամանակ կոչ է անում «համակողմանիորեն ուսումնասիրել նյութերը»։

Կոչեր ու հայտարարություններ տարածած մայրաքաղաքներից ընդգծում են, որ «միջազգային մարդասիրական օրենքների խախտումները պետք է մանրակրկտորեն հետաքննվեն, լիարժեք և անաչառ հետաքննություն պետք է իրականացվի, հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Մինչ այդ պՊաշտոնական Բաքուն արդեն հայտնել է, որ դատախազությունը հետաքննում է տեսանյութի իսկությունը:

Մտահոգություններից այն կողմ, գործնականում ի՞նչ կարելի է ակնակել միջազգային հանրությունից։

ԱԺ նախկին պատգամավոր, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ զուտ բարոյական. - «Իրավական գրագիտության պակաս է, քաղաքական փորձառության պակաս է, և շատ-շատ մոտ է մանկամտությանը, որ հույս ունենաս, որ ինչ-որ անձանց հայտարարություններով դու Ադրբեջանին կամ Թուրքիային սանձելու ես։ Կարող է առանձին դեպքերում արդյունք բերել՝ եթե դրանք օգտագործվեն դատավարական փուլերում։ Բայց այս պահին կոնկրետ իրավական հետևանք չի բերում։ Իրավական հետևանք բերելու համար պետք է իրավական գործիքները օգտագործել»։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն երեկ հայտնել էր, որ հայկական կողմը այս դաժան տեսանյութի դրվագով ևս դիմելու է Եվրոպական և Միջազգային արդարադատության դատարաններին։ Պաշտոնյաները սակայն ընգծում են, որ այս պահին իրավական գործիքներով հնարավոր չէ հրատապ միջոց կիրառել, առանձին պահանջ ներկայացնել։ Դա երկարատև գործընթաց է։

Տարոն Սիմոնյանը, սակայն, հակադարձում է, թե երկու տարի առաջ Հայաստանը դեռ կարող էր օգտվել մի շարք իրավական գործիքներից, որոնք անգամ դեռ չի էլ վավերացրել. - «Օրինակ, մենք ունենք Միջազգային քրեական դատարանի ինստիտուտը, և եթե մենք ժամանակին վավերացնեինք այդ ստատուտը, կանոնադրությունը, մենք կարող էինք էսօր այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել Միջազգային քրեական դատարանի շրջանակներում, որովհետև նրանք այդ հանցագործությունները կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ ժամանակը գնում է առաջ, չէ՞, և բնականաբար, եթե սկսենք էդ գործընթացը, որոշ ժամանակ հետո էդ էֆեկտը կտա։ Բայց եթե երկու տարի առաջ սկսած լինեինք, էսօր արդեն արդյունքը կունենայինք։ Եվ այս նույն տրամաբանությամբ մենք չենք սկսում»։

Սիմոնյանի կարծիքով, պատշաճ չեն օգտագործվում նաև ներպետական գործիքները. հարուցված քրեական գործերը ձևական բնույթ են կրում ու սառեցված են մնում, մինչդեռ, ըստ Տարոն Սիմոնյանի, կարելի էր Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարել, միջազգային հանցագործության համար առանց անձի ներկայության դատավճիռ կայացնել ու հետախուզում հայտարարել։

Պատանդառության վերաբերյալ կոնվենցիայով ևս արգելվում է քաղաքական պահանջներ ներկայացնել պատանդների դիմաց, ինչը, ընդգծում է Տարոն Սիմոնյանը, Ադրբեջանը առաջին անգամը չէ, որ խախտում է։ Մինչդեռ հայկական կողմը անգամ այս իրավական գործիք չի օգտագործել Բաքվին պատասխանատվության կանչելու համար. - «Ես չգիտեմ ինչն է խանգարում... Եթե նախորդ իշխանությունների պարագայում ասում էին, թե Մինսկի խմբի համանախագահներին կարող է դա վնասել, Մինսկի խմբի համանախագահության աշխատանքներին, հիմա ես էլ որևէ պատճառ չեմ տեսնում, որ էս իշխանությունը խուսափում է էդ իրավական լծակները օգտագործելուց։ Բանակցություններին էին երևի վախենում վնասել, բայց ո՞ւր է էստեղ բանակցություն, երբ որ թշնամին մտել է քո տարածք և քո տարածքում քո քաղաքացիներին սպանում է»։

Հայկական կողմը հայտնում է, որ անզեն 4 հայերի գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի մարտերից հետո։ Զոհերի անունները ու գնդակահարության վայրը դեռ պաշտոնապես չեն հրապարակվել, բայց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը պաշտպանող փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասում է, որ նրանք անհետ կորածների շարքում էին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG