Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն «աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»


ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ Հայաստանի անվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո։

«Հաճելի էր Բրյուսելում հանդիպել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների կարգավիճակը՝ Ժնևում արտգործնախարարությունների կիրակնօրյա հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան։

Կոլոմինայի հետ հանդիպման մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել նաև Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը:

ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից, պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:

Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով երեկ է մեկնել Բրյուսել: Նա ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ, ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Սեպտեմբերի 28-ի ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է:

XS
SM
MD
LG