Մատչելիության հղումներ

Գեղամ Շախբազյանն ազատվել է տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից


Գեղամ Շախբազյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Որոշման տեքստը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։

Շախբազյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի սեպտեմբերից։ Արդյոք նրա պաշտոնանկությունը կապված է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետ, չի նշվում։

Դեռ 2021-ի մարտին կառավարությանն առընթեր հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Սուրմալու»-ում ավելի քան երկու տասնյակ խախտում էր հայտնաբերել, սակայն մինչև պայթյունը՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, տեսուչներն այստեղ վերստուգում չէին իրականացրել՝ պարզելու, թե արդյոք վերացվել են այդ խախտումները։ Պատճառաբանեցին, թե ծանրաբեռնված են, մարդկային ռեսուրսները չեն բավականացնում։ 43 տեսուչները տարեկան հասցնում են ընդամենը 500 օբյեկտ այցելել, մինչդեռ բարձր ռիսկայնության մոտ 30 000 օբյեկտների ավելի քան 90 տոկոսն այդպես էլ մնում է բախտի քմահաճույքին։

Կառավարության օգոստոսի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «Սումրալուի» պայթյունին, շեշտեց՝ Հայաստանում անվտանգության կանոնների պահպանության գործում պետք է գնալ նոր չափանիշների, և այս հարցում չպետք է լինեն փոխզիջումներ։ Նիստին ներկա տեսչության ղեկավար Գեղամ Շախբազյանը, սակայն կառույցի կարողություններն ընդարձակելու կամ օբյեկտների ռիսկայնությունը նվազեցնելու հավելյալ քայլերի մասին որևէ բառ չասաց։

Կառավարության նիստում պարզվեց նաև, որ դեռ 2020-ին` Բեյրութում տեղի ունեցած հայտնի պայթյունից հետո, վարչապետը հանձնարարել էր գերատեսչություններին տեղեկատվություն հավաքել հայաստանյան օբյեկտների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ։ Սակայն, երկու տարվա ընթացքում ամբողջական տեղեկություն չի ստացվել։

XS
SM
MD
LG